08  11  2017

Տարկետման վերացումը կոռուպցիայի կբերի. Բողոքները շարունակվում են

Տարկետման վերացումը կոռուպցիայի կբերի. Բողոքները շարունակվում են

«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով ուսման նպատակով տարկետման իրավունքը վերացման դեմ բողոքներին:

«ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու են զինվորական ծառայության։

Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը ոչ միայն չի լուծելու իշխանությունների բազմամյա ձախողումների, համակարգային ու արդարացի լուծումներ գտնելու անկարողության հետևանքով կուտակված խնդիրները, այլև խորացնելու ու բարդացնելու է դրանք, ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ահագնացնելու է առանց այդ էլ սարսափելի ծավալների հասած արտագաղթը։ Ավելին՝ անդառնալի հարված հասցնելով գիտական մտքին և նորարարությանը, այն խիստ կասկածի տակ է դնելու ողջամիտ ապագայում արդիական տնտեսություն, կրթական, առողջապահական, պաշտպանական համակարգեր ունենալու հնարավորությունն ու հեռանկարը։

Հայաստանի զարգացման կարևորագույն արժեքն ու երաշխիքը ազատ, ստեղծագործ և ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացին է և այդ արժեքի ոչ ռացիոնալ, միակողմանի, անհեռատես և կարճաժամկետ արդյունքների ակնկալիքով վատնելը երկարաժամկետ առումով անխուսափելիորեն երկրի համար նոր ու անդառնալի կորուստների է բերելու։

2004թ-ին կառավարության կողմից համանման փորձը կանխվել էր ուսանողների ու երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման և լայն հանրային բացասական արձագանքի շնորհիվ։ Ընդունելով շարժման մասնակիցների փաստարկների իրավացիությունը՝ օրվա իշխանություններն օրինագիծը հանել էին շրջանառությունից։

Այժմ գործող իշխանությունները կրկին փորձում են բարձրաձայնվող խնդիրները լուծել կրթության և գիտության հաշվին, ընդ որում այս անգամ փաթեթավորելով այդ փորձը «ազգ-բանակ» անվանմամբ վտանգավոր և մտահոգիչ միլիտարիստական հայեցակարգով։ Եվ այժմ, ինչպես և 2004-ին, այս փորձը ցասում է առաջացրել ուսանողների շրջանում, ինչի արդյունքում նրանք նախաձեռնել են մի նոր Հանուն գիտության զարգացման շարժում։

Ելնելով վերոգրյալից՝ 2004թ․ ուսանողական շարժման և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներս

- մեր աջակցությունն ենք հայտնում նույն անվանմամբ հանդես եկող նոր ուսանողական շարժմանը,

- պահանջում ենք կասեցնել կրթության անընդհատությամբ պայմանավորված և ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացումը,

- կոչ ենք անում իշխանություններին լրջորեն զբաղվել համակարգային բարեփոխումներով, որոնք միտված կլինեն կրթության, գիտության, առողջապահության, պաշտպանության և մյուս ոլորտներում առկա իրական խնդիրների հաղթահարմանը և ռազմավարական զարգացմանը»։

Նշենք, որ նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել էր ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել զինվորական ծառայության և ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին և առանձնահատկություններին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել էր, որ թեև որոշ կառույցներ և ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարևոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։

Վիգեն Սարգսյանը նշել էր, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական և մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջև՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որևէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների և գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։

Պաշտպանության նախարարը նկատել էր, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում։

Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հայտարարված դասադուլին և ուսանողների պահանջներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատել էր, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք, և որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումների, խնդրահարույց հարցերի բարձրաձայնման և կարծիքների փոխանակման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ