31  10  2017

Առևտրականները դժգոհում են վարչարարության խստացումից

Առևտրականները դժգոհում են վարչարարության խստացումից

Ազգային ժողովի դարպասների մոտ հոկտեմբերի 31-ին բողոքի ցույց էին անում «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների աշխատակիցները: Նրանց ցույցն ընդդեմ օնլայն հաշվետվության էր: Նրանք պահանջում են ապրանքի ներկրման համար ավելորդ թղթաբանությունը հանել շրջանառությունից, քանի որ իրենք ստիպված են լինելու հաշվապահ պահել:

«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանի խոսքով, տարբեր շուկաներից իրեն են դիմել բազմաթիվ վաճառականներ, որ իրենց ահաբեկում են օպերվարչության տղաները, փաստաթուղթ են պահանջում, եթե չեն ներկայացնում փաստաթուղթ՝ 240 հազար դրամով տուգանում են:

Առևտրականներին հանդիպեցին և «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ասաց. «Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն: Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք, ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով՝ խուսափել հարցերից։ Դա բացառվում է»։

Նա հավելեց, որ եթե փորձում են խուսափել հարկերից, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ «Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի գնահատմամբ, այսօրվա իրավիճակը հետևանք է նրա, որ որոշները փորձում են թաքնվել սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի տակ. նրանք ունեն մեծ հնարավորություն, բայց ուղղորդում են այլոց: Հարցին, թե առևտրականներն ինչ- որ անձանց ուղղորդմա՞մբ են շարժվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Իհարկե, ուղղորդումներ եմ տեսնում»:

«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետադարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- ասաց ՊԵԿ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ