13  10  2017

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտի բարեփոխումների մասին

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտի բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն հոկտեմբերի 13-ին  զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների մասին:

Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ