13  10  2017

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու տարածքում երթևեկելն ու կանգառն արգելվում է. Երևանի քաղաքապետարան

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու տարածքում երթևեկելն ու կանգառն արգելվում է. Երևանի քաղաքապետարան

«Երթևեկության կոպիտ խախտումներ. Պսակադրություններ Սբ. Աննա եկեղեցում» վերնագրով թեմա ենք տեղադրել Yerevan.Today կայքում, որտեղ տեսանյութով ցույց ենք տալիս, թե ինչպես Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին մոտ գտնվող Սուրբ Աննա եկեղեցի մուտք գործելու համար ավտոմենքենաների համար ճանապարհ նախատեսված չէ, բայց արարողությունների ժամանակ անարգել մուտք են գործում եկեղեցու տարածք և կայանում՝ անհարմարություն պատճառելով քաղաքացիներին:

Թեմայի շուրջ տեղադրել էինք ոստիկանության և եկեղեցու հոգևոր հովվի գնահատականները:

Ինչպես նաև դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ տեղեկանալու համար՝

1. Արդյո՞ք Սուրբ Աննա եկեղեցու բակում թույլատրված է ավտոմեքենաներ կայանել,

2. ինչպե՞ս է կարգավորվում մեքենաների մուտքն ու ելքը տվյալ եկեղեցու բակ որևէ արարողության ժամանակ,

3. եթե տվյալ եկեղեցու բակում մեքենաների կայանելն արգելված է, և վարորդները պարբերաբար կարգը խախտում են և տուգանվում, ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

4. Քաղաքապետարանը նախատեսո՞ւմ կանոնակարգել քաղաքի կենտրում գտնվող եկեղեցու բակ ելումուտը՝ տրանսպորտային միջոցով:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ստացանք հետևյալ պատասխանը. «Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մեքենաների կայանում թույլատրված չէ: Քանի որ կայանում նախատեսված չէ, բնականաբար, մեքենաների մուտքի և ելքի կարգավորման խնդիր չկա:

Դեպի հիշյալ տարածք մեքենաները մուտք են գործում Աբովյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի հետիոտնային անցումներին կից կառուցված թեքահարթակների վրայով, որոնք նախատեսված են սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների, ինչպես նաև մանկական սայլակների համար և ոչ թե մեքենաների երթևեկության: Թեքահարթակներից անց երթևեկությունը շարունակում են նաև մայթերի վրայով, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ, բնականաբար, առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Քանի որ, ինչպես նշվեց, եկեղեցու բակում տրանսպորտային միջոցների կայանում նախատեսված չէ, ուստի և մեքենաների ելումուտի կանոնակարգման խնդիր չկա»:

Խնդրի մասին առավել մանրամասն՝ «Երթևեկության կոպիտ խախտումներ. Պսակադրություններ Սբ. Աննա եկեղեցում» թեմայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ