12  10  2017

Եթե կարագի ու մսի գները օբյեկտիվորեն են բարձրացել, ապա հասկանալի չի բենզինի գնի բարձրացման պատճառը. ՀԽ

Եթե կարագի ու մսի գները օբյեկտիվորեն են բարձրացել, ապա հասկանալի չի բենզինի գնի բարձրացման պատճառը. ՀԽ

Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ:

Հոկտեմբերի 12-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Սպառողների միություն»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթևացման ուղիները և, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երևույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաև բենզինի շուկաներում:

Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարևորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու և այդ ոլորտը հետևողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով տեղական թարմ մսի գների բարձրացմանը, խնդրի հիմնական պատճառը համարել է խոտի արտադրության ծավալների նվազումը՝ կապված երկարատև ու ծանր ձմեռվա հետ: Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր և խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է:

Եթե կարագի ու մսի գների բարձրացման պատճառները պարզաբանվել են և բացահայտվել որոշակի օբյեկտիվ գործոններ, ապա հասկանալի չի եղել բենզինի գնի բարձրացման պատճառը: Պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվար ամսից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ իրենք ուսումնասիրել են մատակարարների փաստաթղթերը, ըստ որոնց՝ բենզինի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ: ՏՄՊՊՀ ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր չէ գնահատել, թե ինչու է ներկրողը բենզինը ձեռք բերում ավելի թանկ գնով, քան նախկինում: Միաժամանակ, ՀԽ հարցմանն ի պատասխան՝ նշվել է, որ Ռուսաստանում, որտեղից ձեռք է բերվում բենզինի հիմնական մասնաբաժինը, գների բարձրացում չի նկատվել: Այս համատեքստում ՀԽ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հարցն առանձին քննարկել նաև ներկրողների հետ:

Քննարկելով մի խումբ ապրանքների գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ Հանրային խորհրդի անդամները գտել են, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն պետք է վերահսկի և վերլուծի իրավիճակն ու միտումները, գտնի շուկայական ճկուն մեխանիզմներ ազդելու գների կարգավորման վրա, մշակի համապատասխան նոր ռազմավարություններ և ուղղորդված քաղաքականություն գյուղատնտեսության և տեղական արտադրության զարգացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով տեղական շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը, այլ նաև համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի հնարավոր թանկացումները բնակչության հատկապես խոցելի խավի համար զգալի չլինեն և ինչ որ կերպ փոխհատուցվեն:

Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ