14  09  2017

Այլևս չի ստուգվի՝ զինակոչիկը թմրամո՞լ է, թե՞ ոչ

Այլևս չի ստուգվի՝ զինակոչիկը թմրամո՞լ է, թե՞ ոչ

Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Նման որոշում կառավարությունը կայացրեց սեպտեմբերի 14-ի նիստում՝ փոփոխելով նախկինում ընդունած որոշումը:

Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:

Առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար կպահանջվի զգալի ֆինանսական ծախսեր (մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը` 15.000 դրամ), իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 27.05.2010թ. N 657 որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի պահանջների համաձայն` զինապարտ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են կցագրվողի նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ, որի հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ