23  08  2017

10 տարվա ընթացքում ԱՎԾ-ն մլն դոլար դրամաշնորհներ է ստացել. Իրազեկ քաղաքացիների միավորում

10 տարվա ընթացքում ԱՎԾ-ն մլն դոլար դրամաշնորհներ է ստացել. Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը և օգոստոսի 23-ին անդրադարձել է 2006-2016թթ․-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված դրամաշնորհային ծրագրերին։ Այս տարիների ընթացքում ԱՎԾ-ն տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից ստացել է ավելի քան 1 միլիարդ դրամի (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցություն։

Այպիսով, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2006-2007թթ․-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից աշխատանքային միգրացիան ուսումնասիրելու համար ստացել է ավելի քան 5 միլիոն դրամ դրամաշնորհ։

2007-2008թթ-ին Շվեդական միջազգային զարգացման գործակալության կողմից հաշմանդամների կենսապայմանների, ժամանակի օգտագործման, շրջակա միջավայրի վիճակագրության և գյուղական տնտեսությունների ռեգիստրի հետազոտությունների համար ԱՎԾ-ին հատկացվել է մոտ 18,5 միլիոն դրամ։

ԱՊՀ վիճակագրական պետական կոմիտեի կողմից «Միջազգային համադրումներ» անվանմամբ ծրագրի համար 2010-2013թթ․-ին ԱՎԾ-ին տրամադրվել է մոտ 8 միլիոն դրամի աջակցություն։

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացված մարդահամարի համար ԱՎԾ-ն դրամաշնորհային աջակցություն է ստացել Իտալիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից և անգամ Հնդկաստանից։ Իտալիայի կառավարության կողմից՝ 5,6 միլիոն դրամ, Նորվեգիայի կառավարության կողմից՝ 232,5 միլիոն դրամ, Շվեյցարիայից՝ 185,5 միլիոն դրամ, իսկ Հնդկաստանից ավելի քան 37,4 միլիոն դրամ արժողությամբ 162 միավոր համակարգչային տեխնիկա։ Այսպիսով, 2011 թվականին մարդահամար անցկացնելու համար ԱՎԾ-ն գումարային ստացել է ավելի քան 461 միլիոն դրամի օտարերկրյա դրամաշնորհ (այդ ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 1 միլիոն 150 հազար ԱՄՆ դոլար)։

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2014 թվականին վիճակագրական ծառայությանը դպրոցից դեպի աշխատանք ընտրանքային հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագրերի համար տրամադրել է 128,7 միլիոն դրամի դրամաշնորհ, իսկ 2015թ․-ին Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն իրականացնելու համար ԱՎԾ-ն ստացել է ավելի քան 219,4 միլիոն դրամ։ Այս նույն հետազոտության համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը 2016թ․-ին վիճակագրական ծառայությանն է տրամադրել մոտ 223,5 միլիոն դրամ։

Այսպիսով, վերջին 10 տարիների ընթացքում ԱՎԾ-ին հատկացված 1 միլիարդ դրամի դրամաշնորհների մոտ 40 տոկոսը հատկացվել է 2011 թվականի մարդահամարի անցկացման համար, իսկ 60 տոկոսը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունից՝ տարբեր հետազոտությունների համար։

Հիշեցնենք, որ նախկինում ՀԿ-ն անդրադարձել էր Հայկական ԱԷԿ-ի ստացած դրամաշնորհներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ