21  08  2017

Գարեջրի փառատոնը Երևանում. ֆոտոռեպորտաժ

Գարեջրի փառատոնը Երևանում. ֆոտոռեպորտաժ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հերթական միջոցառումը գարեջրասերների համար էր: Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած և մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը:

Միջոցառման ընթացքում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը մասնակիցներին ներկայացրել են հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, ինչպես նաև գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը:

Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված տաղավարներում, ավանդույթի համաձայն, մասնակիցներին գարեջրի բազմաթիվ տեսականիներ և խորտիկներ են առաջարկել «Երևանի գարեջուր», «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ», «Կոտայք» գարեջրի գործարանները, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:

Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ փառատոնը հիասքանչ հնարավորություն է մարդկանց և հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական գարեջրագործությունը, դրա լավագույն ավանդույթները և պատմությունը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի հյուրերը հիացած են հայկական գարեջրի և բազմատեսակ խորտիկների համով:

Փառատոնի ընթացքում ներկաների համար կազմակերպվել են մի շարք հետաքրքիր մրցույթ-խաղեր. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն: Հաղթողներն արժանացել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների անակնկալ նվերների:

Երեկոն ավելի հետաքրքիր է դարձրել հագեցած համերգային ծրագիրը: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն:

Միջոցառման ավարտին Երևաի գարեջրի 4-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շնորհակալագրեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ