10  08  2017

Եվս 142 բուժաշխատող դարձավ գործազուրկ

Եվս 142 բուժաշխատող դարձավ գործազուրկ

 ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում փոփոխություն արեց 2006 թվականի նոյեմբերի 2-ի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ.

«Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերու­թյան գույքի կազմից Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացրեց Աշտարակի Գր. Նարեկացու 61 հասցեում գտնվող, 1549638 դրամ հաշվեկշռային արժեք և 1362 քառ. մետր մակերես ունեցող N 2 մասնաշենքը և այն ամրացրեց կառա­վա­րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Օպտիմալացման ենթարկեց «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը՝ այն 70-ից հասցնելով 45-ի, այդ թվում՝ վիրաբուժական բաժանմունք՝ 15, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքներ՝ 15, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք՝ 10, վերակենդանացման բաժանմունք՝ 5 մահճակալ:

«Աշտարակի բժշկական կենտրոն»-ի տարեկան եկամուտները կազմում են 439, 101.0 հազ. դրամ, որից 396, 101.0 հազ. դրամը տարեկան պետական պատվերը, 43,000.0 հազ. դրամը՝ տարեկան վճարովի ծառայությունները, ունի 262 աշխատողներ (83 բժիշկ, 139 բուժքույր, 33 սանիտար, 7 վարչական և 11 այլ):

Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է բժշկական կենտրոնի ծառայությունները և բաժանմունքները տեղակայել N 1 մասնաշենքում, արդյունքում կկրճատվի 85 աշխատակից (բժիշկ 16, բուժքույր 44, սանիտար 15, վարչատնտեսական անձնակազմ 10), կտնտեսվի շուրջ 130 մլն դրամ:

Մարզի Ուշի համայնքի ղեկավարին առաջարկեց մշակել և համայնքի ավագանու հաստատմանը սահմանված կարգով ներկայացնել «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման նախագիծը:

«Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տարեկան եկամուտները կազմում են 7, 627.4 հազ. դրամ, ունի 6 աշխատակից (1 բժիշկ, 3 բուժքույր,1 կրտսեր բուժաշխատող, 1 հաշվապահ):

Արդյունքում 6 աշխատակիցներից կկրճատվի 5-ը և կտնտեսվի շուրջ 4 մլն դրամ:

Մարզի Կարբի համայնքի ղեկավարին էլ առաջարկեց Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտոնի լուծարումից հետո ապահովել Ուշի բնակավայրում «Կարբիի առողջության առաջնային պահպանման կենտոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից բուժակ-մանկաբարձական կետի ստեղծումը»:

Կառավարությունը որոշեց «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանել «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մահճակալների օպտիմալացումից հետո հիվանդանոցային ծառայությունները կենտրոնացնել հիմնական մասնաշենքի առաջին հարկում։ Ավտոտնակը, կաթսայատունը, ինֆեկցիոն շենքը հանձնել պետգույքի կառավարման վարչությանը: Մահճակալների թիվը 20-ից կդառնան 7, այդ թվում՝ վիրաբուժական բաժանմունք՝ 2, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ՝ 3, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք՝ 2:

«Ծաղկահովիտի բժշկական կենտրոն»-ի տարեկան բյուջեն կազմում է 176,906.9 հազ. դրամ, որից 174, 422.9 հազ. դրամը՝ տարեկան պետական պատվերը, 2,484.0 հազ. դրամը՝ տարեկան վճարովի ծառայությունները, ունի 117 աշխատողներ (13 բժիշկ, 78 բուժքույր, 16 սանիտար, 6 վարչական և 4 այլ):

Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է կրճատել շուրջ 40 աշխատակցի: Արդյունքում կխնայվի շուրջ 50 մլն դրամ:

Այսպիսով, մարզում կլինի երեք բժշկական կենտրոն՝ Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում, երեք առողջության կենտրոն՝ Արտենի, Ծաղկահովիտ և Արագած գյուղերում, առողջության առաջնային պահպանման 15 կենտրոն:

Օպտիմալացրեց նաև Լոռու մարզից բուժհաստատություն: Մասնավորապես, Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնիի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ը պետք է այսուհետ միայն միայն ամբուլատոր ծառայություն իրականացնի: Ընկերության ծննդօգնության 5 մահճակալանոց ստացիոնար մասը և ընդհանուր ստացիոնար 5 մահճակալանոց մասը» փակվում է:

«Մեծ Պարնիի առողջության կենտրոն»-ի տարեկան եկամուտները կազմում են 101, 184.8 հազ. դրամ, որից 98, 734.8 հազ. դրամը տարեկան պետական պատվերը, 2,450.0 հազ. դրամը՝ տարեկան վճարովի ծառայությունները, ունի 50 աշխատողներ (10 բժիշկ, 30 բուժքույր, 3 սանիտար, 3 վարչական և 4 այլ):

Արդյունքում կկրճատվի շուրջ 12 աշխատակից (բուժքույր 8, սանիտար 3, քույր-տնտեսուհի 1) և կտնտեսվի շուրջ 14 մլն դրամ:

Լոռու մարզում կգործեն Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցը (45 մահճակալ), չորս պոլիկլինիկաները, նեղ մասնագիտացված (հոգենյարդաբանական) դիսպանսերը (35 մահճակալ), Լոռու մարզային արյան փոխներարկման կայանը, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր բժշկական կենտրոնները՝ ընդհանուր 480 մահճակալով: Մարզում կգործեն 19 առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ:

Կառավարությունն ուսումնասիրել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:

Օպտիմալացման գործընթացի արդյունքում աշխատանքից կազատվի 142 աշխատակից և կտնտեսվի 198 մլն դրամ, ինչպես նաև կբարելավվի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակը:

Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Այս ամենը բացատրվում է առողջապահական և ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավման, տարածքի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ նման լուծարումներ եղան կառավարության նախորդ նիստում ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ