10  08  2017

Ո՞ր դեպքում կարող են կառուցել պոչամբարներ

Ո՞ր դեպքում կարող են կառուցել պոչամբարներ

ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում սահմանեց ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:

 

Պոչամբարի կառուցման նախագիծը պետք է ներառի.

1) տեղադիրքը և նախագծային պահանջները, որոնք անհրաժեշտ են հողի, օդի, ստորգետնյա և մակերևությանի ջրերի աղտոտումը կանխելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ներառյալ երկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ և գեոտեխնիկական գործոնները,

2) աղտոտված (և տարալվացված, եթե առկա է) ջրի հավաքման արդյունավետ միջոցառումները,

3) ջրի կամ քամու ազդեցության հետևանքով առաջացող էրոզիայի նվազեցմանն ուղղված միջոցառումներ, այնքանով դա տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես իրագործելի,

4) միջոցառումներ, որոնք պետք է ձեռնարկվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) պոչամբարի կառուցման, կառավարման և սպասարկման ժամանակ վերջինիս ֆիզիկական կայունությունը ապահովելու համար,

5) միջոցառումներ, որոնք պետք է ձեռնարկվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) հողի, օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտումը և թունավորումը կանխարգելելու համար,

6) միջոցառումներ, որոնք հնարավորինս կնվազեցնեն լանդշաֆտին հասցվող վնասը:

 

Պոչամբարները ըստ կառուցվածքային եղանակի լինում են,

 

1) պատվարային (լցնովի), որտեղ արգելափակող կառուցվածքները կառուցվում են ամբողջ բարձրությամբ միանգամից կամ հերթականությամբ,

2) աստիճանաբար կառուցվող պոչամաբարներ, որտեղ սկզբում կառուցում են ոչ մեծ բարձրության առաջնային թումբը (պատվարը, ամբարտակը), այնուհետ աճեցնում են պոչամաբարը ըստ բարձրության՝ թմբագոյացման միջոցով երկրորդական պատնեշների աստիճանական կառուցմամբ,

3)անպատվարային, բացառելով ինչպես պատավարների, այնպես էլ առաջնային պատնեշների կառուցումը:

 

Սահմանվում են պոչամբարների տեսակները, նշվում է, որ պոչամբարներ կառուցելիս պետք է պահպանվի շրջակա միջավայրի պահպանմանը և բնական ռեսուրսների օգտագործմանը, ինչպես նաև շինարարությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: Եթե տեղադրվող թափոնները պարունակում են օգտակար բաղադրիչներ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել, ապա պոչամբար չպետք է թափվեն ուրիշ ընդերքօգտագործման թափոններ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է իրականացնել դրանց առանձին պահեստավորումը, որի նպատակով իրականացվում է առանձին լրացուցիչ հարթակի ընտրություն: Այն դեպքերում, երբ իրականացվում է այդպիսի թափոնների ժամանակավոր պահեստավորում, ցանկացած էկոլոգիական ռիսկերը պետք է գնահատվեն.

1) Նվազագույնի հասցնել խիստ վտանգավոր ընդերքօգտագործման թափոնների ժամանակավոր տեղադրման վայրի մակերեսը և պահպանման ժամանակահատվածը,

2) Տեղադրել ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնները հնարավորինս ցածր թափանցելիության տարածքներում,

3) Ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնների տեղադրման տարածքից տեղումների հետևանքով առաջացած ջրի հոսքի հեռացման ապահովում,

4) Ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնների տեղադրման տարածքից ջրահոսքի հավաքում, մաքրում և գետային ցանց բացթողում:

Պոչամբարները թույլ և նստող գրունտներ ունեցող հիմքի վրա տեղադրման դեպքում, անպայման պետք է իրականացվի հիմքի նախապատրաստում, որը կապահովի պոչամբարը շրջափակող պատվարների, պատնեշների և այլ կառուցվածքների անվթար և հուսալի շահագործումը:        

Այն հարթակներում, որտեղ հնարավոր է սելավային հոսքերի անցման առկայություն, համապատասխան հիմնավորման դեպքում հնարավոր է տեղադրել պոչամբար, եթե նախատեսվում է սելավապաշտպան կամ սելավահեռացման կառուցվածքների կառուցումը:

Արգելվում է պոչամբարի կառուցումը սողանքային տարածքում և սողանքի ազդեցության գոտում:

Պոչամբարների կառուցումը պետք է իրականացվի յուրաքանչյուր կոնկրետ պայմանից ելնելով, հաշվի առնելով բոլոր (բնական և կառուցվածքային) պայմանները, որոնք բացառում են շրջակա միջավայրի (այդ թվում՝ մթնոլորտային օդի, հողի, ջրի և այլն) վարակումը:

Պոչամբարների շրջակայքը պետք է ունենան մեխանիկական պաշտպանիչ գոտի, որը կապահովի մարդկանց, կենդանիների, շենքերի և կառուցվածքների անվտանգությունը:

Մեխանիկական պաշտպանիչ գոտին պետք է կահավորված լինի կողմնակի մարդկանց մուտքը արգելող նշաններով, որոնց հեռավորությունը միմյանցից պետք է լինի ոչ ավել քան՝ 100 մետրը:

Պոչամբարը շահագործող կազմակերպությունը պետք է մշակի պոչամբարի վթարի՝ արտակարգ իրավիճակների դեպքում գործելու պլան:

Կան այլ պահանջներ ևս:

Ներկայում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները օրենսդրորեն սահմանված չեն: Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ