31 03 2024

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հարությունը

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հարությունը

Մարտի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հարությունը։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից ու վերադարձ դեպի Տերը։ Այդ մասին  ասվում է Qahana.am-ի հրապարակման մեջ

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Քրիստոս հաղթում է չարին ու մահվան: Մահը, լինելով երկրավոր կյանքի վախճանը, դառնում է երկնավոր կյանքի սկիզբը: Մարդկությունը ստանում է մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը:

Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է: Ըստ Ավետարանի՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից ու մահից հետո Նրա մարմինն իջեցրին խաչից ու դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, երբ զինվորները հսկում էին գերեզմանը, Քրիստոս հարություն առավ: Յուղաբեր կանայք գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Նրա մարմինն ու տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, գերեզմանը` դատարկ: Նրանց երևացին երկու հրեշտակ ու ասացին.

«Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։ 6 Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Տերը երևաց նրանց:

Քրիստոս շատ սիրեց մարդկանց ու Իր կյանքը տվեց մեր փրկության համար։ Մենք ևս պետք է մասնակիցը լինենք Նրա հաղթանակին՝ հավատով զինված ապավինենք Աստծուն, մաքրվենք Նրա շնորհներով, լույսով ու սիրով: Լինենք այն պատգամների կրողը, որ փոխանցում են մեր հայրապետները: Յուրաքանչյուրս վերանորոգենք այն ուխտը, որ կապել են մեր հայրերը։

Քրիստոնյաներս՝ Քրիստոսի հաղթական բանակի անդամներ

Սուրբ Հարությունը ուժ է տալիս ապրելու՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․

«Քրիստոնեությունը հաղթանակի կրոն է, քրիստոնյաներս՝ Քրիստոսի հաղթական բանակի անդամներ: Քրիստոնեական ողջ վարդապետությունը և ծիսակարգը հիմնված է Քրիստոսի Հարության իրականության վրա: Առանց Հարության, չկա ուղղափառ դավանանք»։

Հոգևորականի խոսքով՝ մեր կյանքն իմաստավորված պետք է լինի Սուրբ Հարությամբ:

«Հարությունը մեզ ուժ է տալիս, հույս է տալիս: Քրիստոնյաներս անխախտ հավատում ենք, որ ինչպես Քրիստոս 3-րդ օրը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն ենք առնելու՝ ապրելու Տիրոջ ներկայության մեջ: Մեր Տերը եթե հաղթանակ է տարել, մենք նույնպես հաղթանակ կտանենք»:

Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի պատգամն է՝ ապրել Հարության հավատքով, տոգորված լինել Հարության հույսով, միշտ հավատալ կենդանի Հարությանը, այսինքն՝ մեր Փրկչին և Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին:

Հարության ու նոր կյանքի խորհրդանիշ

Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն և մատուցվում տոնական Սուրբ Պատարագ:

Տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության ու նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար:

Սեղանին է դրվում նաև չամիչով փլավը, որի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամիչի հատիկները` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին: Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։ Հավկիթը ներկում են, փլավը եփում չամիչով, անկախ նրանից, տանը կա ննջեցյալ, թե ոչ։ Տոնին չեն գնում գերեզմանատուն, որովհետև շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է՝ այս տարի ապրիլը 1-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ