17  07  2017

Ռուսերենը պետական լեզու դարձնել. Պետդումայի խոսնակի առաջարկը՝ Հայաստանին

Ռուսերենը պետական լեզու դարձնել. Պետդումայի խոսնակի առաջարկը՝ Հայաստանին

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները, հայտնում է ТАСС-ը:

«Ես կարող եմ միայն մի բան ասել, ռուսերեն լեզուն որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Բաբլոյանը՝ նշելով, որ Հայաստանը փաստացիորեն դուրս է մնացել Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղզստանի, ինչպես նաև մի շարք երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու, տրամադրվել է ՌԴ-ում ազգային իրավունքներով վարորդ աշխատելու իրավունք:

«Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՊՀ երեք երկրի քաղաքացիներին թույլ է տրվել ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով: ՌԴ պետդումայի կողմից ընդունված համապատասխան փոփոխությունների համաձայն՝ փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, համաձայն ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արչեն Բաբայանի, հակադարձել է՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։  «Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է վարորդության համար»։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ