09 11 2023

338 մլն 263 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման համար

338 մլն 263 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման համար

ՀՀ կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացվի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման համար:

 Նոյեմբերի 9-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ֆինանսական անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումների տնտեսումներից՝ վերաբաշխման արդյունքում:

Ըստ այդմ, որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա:

Գումարը կուղղվի աշխարհի առաջնության հյուրընկալման անդամավճարի (Host Fdd) հատկացմանը և կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. աշխարհի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողություններն, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:

Հիշեցնենք՝ 2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ ՀՀ հավաքականը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

2023 թ. ապրիլի 23-ից մայիսի 3-ը Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ