07 09 2023

Առանց մուտքի վիզայի Պանամայի քաղաքացիները Հայաստան կժամանեն

Առանց մուտքի վիզայի Պանամայի քաղաքացիները Հայաստան կժամանեն

Պանամայից Հայաստան և  Հանրա­պե­տութ­յան քաղաքացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կսահմանվի

Կառավարությունը սեպետեմբերի 7-ի նիստին որոշում կընդունի Պանամայի Հանրա­պե­տութ­յան քաղաքացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է․

Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրա­պե­տութ­յան քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից:

Սահմանել, որ Պանամայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Պանամայի Հանրապետության իշխանություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում»:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Էկվադորի Հանրապետության (ՀՀ կառավարության որոշում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա) հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ:

Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։

Որոշման ընդունումը թույլ կտա Պանամայի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ