17 08 2023

Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ փորձում է թաքցնել որոշ հանգամանքներ․ «Հրապարակ»

Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ փորձում է թաքցնել որոշ հանգամանքներ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Այսօր, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև օգոստոսի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին, ասելով․

«Մենք վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, որտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա, չենք էլ կարող ասել, որ վարորդները առանձնահատուկ խախտումների հակված են եղել, կարծում եմ այնպիսի խախտումներ են, որ յուրաքանչյուր վարորդի հետ ոչ թե մեծ հավանականությամբ, այլ անպայման տեղի կունենա։ Խախտումները եղել են սահմանված արագություն 2կմ/ժ խախտելու համար, կարմիր լույսի տակ գիծը հատելը և այլն։ Մեքենաները՝ ապահովագրված, տեխնիկական զննում անցած, դեպքը քննությունը կպարզի»։

«Հրապարակի» ձեռքում է հայտնվել վարորդներից մեկի՝ Մառլեն Մարգարյանի իրավախախտման մասին կազմված վարչական ակտի փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանի ասած մանր խախտումներից չէ, որ ամեն վարորդի հետ տեղի է ունենում։

Դեռևս 2017 թվականին Մառլեն Մարգարյանը տուգանվել է 100 հազար ՀՀ դրամով՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեքենա վարելու համար։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ փորձում է թաքցնել որոշ հանգամանքներ, կամ նրան թյուրիմացության մեջ են գցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա 11 զոհ և 6 վիրավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ