02 08 2023

Իրավիճակը դեռևս մնում է նույնը. Վարդան Սարգսյան

Իրավիճակը դեռևս մնում է նույնը. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում  է Լեռնային Ղարաբաղում, իրենք  բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը տեղափոխելու նպատակով:

«Այսօր, ինչպես տեղյակ եք, «Գրանդ Քենդի» ընկերության կողմից երկու բեռնատարներով քաղցրավենիք  միացել է շուրջ 8 օր այստեղ գտնվող 19 բեռնատարների շարասյանը, որը Հայաստանի կառավարությունը որպես հումանիտար օգնություն ցանկանում է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Իրոք  ողջունելի է, որ մասնավոր հատվածը միանում է Հայաստանի կառավարության այս հումանիտար նախաձեռնությանը, որը ի ցույց է դնում այն համընդհանուր մտահոգությունն ու անհանգստությունը, որը առկա է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով պայմանավորված»,- ասաց Սարգսյանը:

Վարդան Սարգսյանն ընդգծեց՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախաձեռնությունը ուղղված է հիմնականում երեխաներին. Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող մարդկանց շրջանում թերևս այս իրավիճակից ամենից շատ տուժում են երեխաները:

«Լեռնային Ղարաբաղում բնակվող երեխաները փաստացի այս պահին զրկված են ոչ միայն այս քաղցրավենիքից, այլ նաև ամենօրյա սննդից, էլ չենք խոսում բուժօգնության և կրթության իրավունքի մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ այս իրավիճակը նպաստում է նրան, որ երեխաները պարզապես զրկվեն անհոգ մանկությունից:

Ուստի, հույս ունենք, որ քաղցրավենիքներով ուղեբեռը մնացած բեռների հետ  հնարավորինս շուտ կկարողանանք  հասցնել Լեռնային Ղարաբաղ, որը  գոնե մասամբ կմեղմի այն բարդ իրավիճակը, որին ներկայումս ականատես ենք լինում»,- ասաց նա:

Անդրադառնալով առհասարակ  Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝  Վարդան Սարգսյանը նկատեց, որ իրավիճակը դեռևս մնում է նույնը, ջանքերը շարունակվում են օր առաջ հումանիտար բեռը տեղ հասցնելու գործընթացը հաջողությամբ ավարտելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ