09  02  2017

Ծաղկաձորի ճոպանուղին միանգամայն անվտանգ է և ապահով



ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն օրեր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ Ծաղկաձորում իրենց ժամանցն անցկացնող ձմեռային էքստրիմի սիրահարներին զգուշացնում է. «ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որոնք կարող են տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի պատճառ հանդիսանալ․ Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն ՀՀ տարածքում շահագործվող յուրաքանչյուր ԱՎՕ (ճոպանուղի և այլն) պարտավոր է գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է Ծաղկաձորի ճոպանուղի շահագործողին, սակայն 2006 թվականից մինչ օրս այդ հորդորները անտեսվում են»:

Ահազանգի հետքերով Yerevan.Today-ն այցելեց Ծաղկաձորի ճոպանուղի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մեր այցը զուգադիպեց LEITNER ընկերության ներկայացուցիչների այցին, ովքեր եկել էին՝ ստուգելու հիդրավլիկ համակարգերի յուղերի որակը:

Ծաղկաձորի ճոպանուղու տեխնիկական սպասարկման և անվտանգության գծով մասնագետ Դավիթ Ղազարյանը վստահեցնում է՝ Ծաղկաձորի ճոպանուղին ունի կառավարման խցիկ, որտեղ ցանկացած սարք կառավարվում է ապահովիչների և ռելեների շնորհիվ. դրանց աշխատանքի որակն անմիջապես երևում է համակարգչի վրա, աշխատանքի ամենափոքր թերությունն անգամ աննկատ չի մնում: Բացի այդ էլեկտրոնային կառավարվող շարժիչից, ճոպանուղին ունի նաև պահուստային շարժիչ, որն աշխատում է դիզելային վառելիքով: Թեև դեռևս նմանատիպ որևէ դեպք չի գրանցվել, սակայն արտակարգ դեպքերի համար գոյություն ունի օդում մնացածներին տարհանելու տարբերակ ևս: Ճոպանուղու ներկա աշխատակիցների մեծ մասը մասնակցել է LEITNER ընկերության կազմակերպած դասընթացներին, նաև մասնակցել է շինմոնտաժային աշխատանքներին և ճոպանուղու անվտանգության համակարգերի մասին բավականաչափ տեղեկություններ կուտակել:

 

Իտալական LEITNER ընկերության մասնագետներն ամեն տարի կատարում են ճոպանուղու տեխզննում, տրամադրում անվտանգության երաշխիք 

Ծաղկաձորի ճոպանուղին 2004 – 2007 թթ. ամբողջովին վերակառուցվել և արդիականացվել է: Այդ պատասխանատու գործը վստահվել է աշխարհում հայտնի ճոպանուղիներ արտադրող և տեղադրող իտալական LEITNER ընկերությանը, որն էլ ճոպանուղին շահագործման հանձնելուց հետո ստանձնել է նրա տեխնիկական անվտանգության հետագա ապահովումը: Ամեն տարի LEITNER-ի մասնագետներն այցելում են Ծաղկաձոր, անձամբ կատարում տեխզննում և տրամադրում «Անվտանգության երաշխիք»: Նախապես փորձաքննության արդյունքում անվտանգության երաշխիքը տրվում էր երեք տարով, իսկ 2014-ից սկսած՝ 1 տարի ժամկետով:

 

Ինչու՞ է ԱԻՆ-ը հայտարարում Ճոպանուղու վտանգավորության մասին տուրիստական մեծ հոսքի շրջանում 

Ծաղկաձորի ճոպանուղու տեխնիկական սպասարկման և անվտանգության գծով մասնագետ Դավիթ Ղազարյանը նշում է, որ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը երբևէ չի եկել՝ փորձաքննություն անցկացնելու, և իրենք տեղյակ էլ չեն՝ արդյո՞ք նշված կենտրոնը ունի համապատասխան ռեսուրսներ՝ նման փորձաքննության անցկացման համար: Նրա համար նաև տարակուսելի է՝ ինչու՞ է նման հայտարարություն հնչում այժմ՝ ձմեռային հանգստի շրջանում, երբ տուրիստական հոսքն առավել մեծ է, և թե զբոսաշրջիկներին նման հայտարարությամբ վախեցնելն ի՞նչ նպատակ ունի:

Մեզ հետ զրուցնելիս ճոպանուղու աշխատակիցները նշում էին, որ իրենց համար անհասկանալի է՝ թե ինչպե՞ս է ձևավորվում փորձաքննության համար ԱԻՆ կենտրոնի պահանջած 3 միլիոն դրամը, արդյոք նրանք ունե՞ն բավարար ռեսուրսներ նման փորձաքննություն անցկացնելու համար, հնարավոր են համարում կենտրոնի շահադիտական մոտեցման հավանականությունը և այլն:

Ճոպանուղու փոխտնօրեն Արսեն Պողոսյանի խոսքով՝ Ճոպանուղին թե հայաստանաբնակների, և թե արտերկրից ժամանող հյուրերի ժամանցի սիրելի վայրն է: Նա նշեց, որ ճոպանուղուց բացի, իրենք մշտապես հետևում են նաև սահուղիների վիճակին, դրանք պահում են իդեալական վիճակում:

 

Լավ վերաբերմունք, որակյալ սպասարկում, հարմար սահուղի. զբոսաշրջիկները գոհ են

Մեր այցի ժամանակ հանդիպեցինք բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր եկել էին Ճոպանուղի՝ ընկերների հետ կամ ընտանիքներով: Ոմանք Ծաղկաձոր էին եկել ընկերների խորհուրդով, ոմանց համար այն ձմեռային հանգստի կազմակերպման արդեն փորձված և սիրելի վայր է: Զբոսաշրջիկները մարդկային ջերմ վերաբերմունքից, լավ եղանակից բացի՝ գոհունակությամբ էին խոսում լայն, խնամված սահուղու, լավ սպասարկման և համեղ ուտեստների մասին:

Նշենք, որ նախքան Ծաղկաձոր այցելելը, մենք փորձեցինք կապ հաստատել ԱԻՆ համապատասխան կենտրոնի պատասխանատուների հետ՝ պարզելու հայտարարության հիմքերն ու պատճառները: ԱՒՆ-ից նշեցին, որ թեման չեն ցանկանում շոշափել՝ զբոսաշրջությանը վնաս չհասցնելու համար, պատրաստակամություն հայտնեցին պատասխանել հեռախոսով, այն էլ՝ մամուլի քարտուղարի մակարդակով: Հայտարարությունը կարծես թե առանձնապես չէր հուզել Ծաղկաձոր այցելող հյուրերին, քանի որ տուրիստական հոսքն այս օրերին չի նվազում, սակայն հետայսու հայտարարությամբ հանդես գալուց առաջ արժե հաշվի առնել՝ դրանով արդյոք խնդի՞ր է լուծվում, թե՞ հակառակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ