13 10 2022

Սկանդալ՝ ԲԴԽ-ում. ինչո՞ւ է հեռացել Գրիգոր Բեքմեզյանը․ 168.am

Սկանդալ՝ ԲԴԽ-ում. ինչո՞ւ է հեռացել Գրիգոր Բեքմեզյանը․ 168.am

Կարեն Անդրեասյանի թիկնապահները մուտք են գործել Գրիգոր Բեքմեզյանի օգնականի աշխատասենյակ՝ հրահանգելով դուրս գալ սենյակից, քանի որ այսուհետ իրենք պետք է զբաղեցնեն այն։ Այս մասին գրում է «168.am»-ը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պաշտոնում Կարեն Անդրեասյանի սրընթաց ընտրությունից կարճ ժամանակ անց Խորհրդի անդամությունից հրաժարվելու դիմում ներկայացրեց Գրիգոր Բեքմեզյանը:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն հայտարարություն է ընդունել, ըստ որի՝ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա ԲԴԽ որոշմամբ վերջինիս լիազորությունները 11.10.2022թ.-ից դադարել են:
Հայտարարությունը ստորագրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Այսինքն՝ Գրիգոր Բեքմեզյանն այլևս ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ չէ, ինչը նշանակում է թափուր տեղ և Կարեն Անդրեասյանի համար լայն հնարավորություն՝ արդարադատության նախարարի ժ/պ Գրիգոր Մինասյանին իր մոտ բերելու համար: Թերևս այդպես ավելի քիչ կլինի վնասը:

Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականին նախորդել է սկանդալ, թեպետ պետք է նշել, որ Կարեն Անդրեասյանի ընտրության ժամանակ, ինչպես տեղեկացանք, վերջինիս նախագահ դառնալուն նույնպես Գրիգոր Բեքմեզյանը դեմ է քվեարկել: Դեմ է եղել նաև Դավիթ Խաչատուրյանը, ով, սակայն, քվեարկել է ինքն իր օգտին, ինչպես նախորդ ընտրության ժամանակ:

Վերադառնանք Կարեն Անդրեասյանի ընտրությունից հետո ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին: Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը միայնակ չի եկել ԲԴԽ, եթե հաշվի չառնենք, որ մինչ գալը ԲԴԽ և Դատական դեպարտամենտի առանցքային պաշտոններում արդեն իսկ նշանակել է իր մարդկանց:

Բայց բուն հայտնությունը ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանը նշանավորել է թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների բավականին պատկառելի քանակով, և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:

ԲԴԽ նորընտիր նախագահն այնքան է սարսափած սեփական անվտանգության համար, որ շենքում շրջում է բացառապես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Իսկ նրանց էլ այնքան մեծ արտոնություններ է տվել, որ վերջիններս, օրինակ, կարողացել են մտնել Գրիգոր Բեքմեզյանի օգնականի աշխատասենյակ ու վերջինիս հրահանգել դուրս գալ սենյակից, քանի որ այսուհետ իրենք պետք է զբաղեցնեն այն:

Գրիգոր Բեքմեզյանը, բնականաբար, չի հանդուրժել սա, ու մեծ սկանդալ է բարձրացել ԲԴԽ անդամների ու Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ, և ուշագրավն այն է, որ այդ վեճի ընթացքում ԲԴԽ որևէ անդամ, անգամ Գրիգոր Բեքմեզյանի մտերիմներ համարվողները որևէ կերպ չեն պաշտպանել իրենց գործընկերոջը, թեպետ խնդիրը, իհարկե, համակարգային է ու մի օր էլ հաստատ իրենց է բախվելու։

Միակ մարդը, ով իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել, մեր տեղեկություններով, եղել է Դավիթ Խաչատուրյանը, բայց վերջինիս վրդովմունքը է՛լ ավելի խայտառակ դիպվածի հետ է կապված:

Պարզվում է՝ Կարեն Անդրեասյանը, ով առհասարակ չի շփվում աշխատակիցների հետ, չի բավարարվում ԲԴԽ շենք անվտանգության աշխատակիցների բանակ բերելով:

Իր աշխատասենյակի մուտքի մոտ վերջինս տեղադրել է մետաղական դետեկտոր, և ԲԴԽ անդամները, օրինակ, նախագահի աշխատասենյակ մտնելիս պետք է անպայման անցնեն այդ սարքի միջով: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին դիտարկում է՝ որպես պոտենցիալ ահաբեկիչներ:

Ահա այս խայտառակությանն է արձագանքել Դավիթ Խաչատուրյանը՝ Կարեն Անդրեասյանին ասելով, որ ինքը պարզապես այլևս երբեք չի մտնի նրա աշխատասենյակ»,- գրում է կայքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ