15  11  2019

Զբաղվածության ոլորտի ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը․ ՀՅԴ փորձագետ

Զբաղվածության ոլորտի ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը․ ՀՅԴ փորձագետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումն՝ այստեղ, 2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց):

Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը դարձյալ նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:

Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմանված ողջամիտ ժամկետում (մինչև 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի, գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում և պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Զբաղվածության կայունությունը և պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետևյալ կարգավորումները.

  • աշխատանքի տեղավորված գործազուրկը պետք է շարունակեր աշխատել նաև պետական ֆինանսավորումը դադարելուց հետո՝ սահմանված ժամկետով,նվազագույն այս ժամանակահատվածը սահմանված էր այնպես, որ աշխատանքի տեղավորված անձի համար վճարված եկամտահարկի հանրագումարը պակաս չլիներ պետական աջակցության ընդհանուր չափից,նվազագույն ժամկետից շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա էր վերադարձման,
  • աջակցության գումարը պետք է վերադարձներ այն կողմը (գործատու կամ աշխատող), որի նախաձեռնությամբ էր լուծվում աշխատանքային պայմանագիրը՝ նվազագույն ժամկետից շուտ:

Կառավարության որոշմամբ՝ առանց օբյեկտիվ հիմնավորման՝

  • վերացվեց զբաղվածության պետական աջակցության առաջին փուլը. առկա թափուր աշխատատեղը լրացնելու համար գործազուրկին գործատուի մոտ ուղեգրելու՝ առարկայական հնարավորությունը,
  • կրկնակի կրճատվեցին կայուն զբաղվածության նվազագույն ժամկետները, որի ավարտից հետո աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում աշխատանքի տեղավորված գործազուրկի եկամտահարկի հանրագումարը պատիկներ անգամ ավելի փոքր կլինի գործատուի ստացած պետական աջակցության ընդհանուր չափից (այսպիսով՝ վերացվեց այս ծրագրերի անարդյունավետության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմը),
  • վերացվեց նաև զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելու պահանջը՝ այն դեպքում, երբ շահառուն հաշմանդամություն ունեցող գործազուրկ է, ի դեպ՝ այս փոփոխությունը նաև հակասում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:

Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի և միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որևէ պարտավորության:

Կոնկրետ օրինակ գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝

  • գործատուն ստանում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով,
  • 2 տարի ժամկետով ամսական հատուցում, որը կարող է վճարել որպես աշխատավարձ,գործազուրկը ստանում է միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես նաև 2 տարի ժամկետով,
  • նվազագույն ամսական աշխատավարձի չափով ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար,2 տարի անց,
  • ամսական աջակցությունը դադարելուց անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, որի դեպքում գործատուն և աշխատանքի տեղավորված գործազուրկը (որը նորից դառնում է գործազուրկ) չեն ունենալու որևէ պարտավորություն պետության առաջ:

Սա կարելի՞ է համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից և կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:

Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետևանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծախսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:

Ի դեպ, մինչև 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն՝ այսպիսի խնդրահարույց վիճակ: 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ