12 08 2019

Որոշ խմբերի թոշակառուներ տարեկան կտնտեսեն 153 հազար դրամ

Որոշ խմբերի թոշակառուներ տարեկան կտնտեսեն 153 հազար դրամ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ավելի քան 200 անձի (որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք են,որոնք բնակվում են «Վետերան» օթևանում) փոխհատուցել  իրենց  կողմից սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները:

Նախարարությունը նշում է, որ ըստ նախնական հաշվարկների վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշներով, յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ:

Փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կեսաթոշակի 50%-ը: Այս պարագայում, կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով, կպահանջվի  տարեկան 9 027 000 դրամ:

Ներկայացված օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը  տարեկան կտնտեսի 153 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար: 

Նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում:  

Նշենք, որ կառավարության 2015 թվականի որոշմամբ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Այնտեղ բնակվողներին տրամադրում է միայն կացարան, երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ