30 01 2019

Ինչո՞ւ աղքատության մակարդակը չի նվազում․ Ցոլակյանն ասացվածք հիշեց

Ինչո՞ւ աղքատության մակարդակը չի նվազում․ Ցոլակյանն ասացվածք հիշեց

Աղքատության մակարդակն այսքան շուտ չի կրճատվի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո` այս ամիսների ընթացքում, աղքատության մակարդակն այդպես էլ չի նվազել:  

«Մի ժողովրդական  խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս:  Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի» ,–ասաց նա։

Փրկարարների ցածր աշխատավարձերի հետ կապված էլ նախարարը նշեց, որ քննարկումներ պետք է լինեն։

Խոսելով ՀՀԿ–ականների այն քննադատության մասին, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու, Ցոլակյանն ասաց, որ քննադատությունը քաղաքական պայքար է, լինի ՀՀԿ–ի կողմից թե մեկ այլ կուսակցության կողմից։

Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը քննադատություններին միայն գործով պետք է պատասխանի. «Այդ քննադատությունը միշտ էլ լինելու է, թող քննադատեն, ի՞նչ է եղել, դրան իշխանությունը պատասխանելու մի բան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սուտ է»։

Ցոլակյանը, այնուհանդերձ, համոզված է՝ քննադատությունից դասեր քաղվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ