28  11  2018

Խմելու ջուրը թանկացավ

Խմելու ջուրը թանկացավ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների ճշգրտման մասին հարցը։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն։

Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեց ի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին Ալավերդի քաղաքում հայտարարեց․ «Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների  արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը  Հայաստանում  խմելու ջրի  թանկացում տեղի չի ունենալու։  Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը,  Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։  Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության  առաջին լուրջ օրինակն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ