26 11 2018

Ինչպե՞ս է ստացվել, որ ունենք 800.000 չաշխատող քաղաքացի․ Շահանե Նռանյան

Ինչպե՞ս է ստացվել, որ ունենք 800.000 չաշխատող քաղաքացի․ Շահանե Նռանյան

Վերջին օրերին շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու Հայաստանի աշխատուժի ընդամենը 350.000-ն է աշխատում, իսկ 800․000՝ ոչ։

Պատճառներից մեկն այն է, որ երիտասարդ ընտանիքների մեծ մասում հիմնականում աշխատում են տղամարդիկ, իսկ կանայք զբաղված են երեխաների դաստիարակությամբ։ Հաճախ տղամարդիկ միայնակ ի վիճակի չեն իրենց աշխատավարձով հոգալ ընտանիքի բոլոր կարիքները և հաղթահարել աղքատությունը։ Այս խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մյուս երկրներում։

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ստեղծել բարենպաստ պայմաններ կանանց տնտեսության մեջ ներգրավելու համար։

Հիմնականում կանայք ուսում ստանալուց հետո ամուսնանում են, ունենում երեխաներ և զբաղվում նրանց մանկապարտեզ, դպրոց, խմբակներ ուղեկցելով և տնային հոգսերով։ Մի մասին հաջողվում է այս գործին ընդգրկել տատիկներին ու պապիկներին, մի մասն էլ խնամակալ է վարձում, որին վարձատրում է իր աշխատավարձի զգալի մասով։ Մայրիկների մյուս խումբը սպասում է մինչև երեխաներն ինքնուրույնանան։ Սակայն, երեխաների ինքնուրույնանալուց հետո՝ կինը մոռացած է լինում իր գիտելիքները և հոգեբանական պատնեշ ունենում աշխատանք փնտրելու գործում։ Իսկ գործատուները գերադասում են երիտասարդ, գեղեցիկ և միաժամանակ փորձ ունեցող աշխատողներ։ Եվ այդ գործազուրկ կանայք կազմում են չաշխատող մարդկանց զգալի մասը։

Այս իրավիճակը կարիք ունի մի շարք խնդիրների համալիր լուծման։ Հարկավոր է, որ փոքրիկ երեխաների այցը մանկապարտեզ սկսվի երկու տարեկանը լրանալուն պես։ Մանկապարտեզների աշխատանքային ժամերը հարկավոր է երկարաձգել մինչև երեկոյան 18։30-ը, իսկ մայրիկներին աշխատանքից արձակել 17։30-ին։ Թեև օրենսդրությունը որոշ լուծումներ տալիս է, սակայն փաստացի կիրառում չունենք։

Դպրոցներում նույնպես երեխաների զբաղվածությունը հարկավոր է ավելացնել մինչև ծնողների աշխատանքից վերադառնալը։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր հանրակրթական դպրոցներում երկարօրյաներին զուգահեռ, գործարկել արվեստի և սպորտի դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել երեխաների որակյալ և լիարժեք ճաշը այդ ժամանակահատվածում:

Վերը նշված միջոցառումները կստեղծեն ծնողների համար աշխատանքի գնալու հնարավորություն, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղեր՝ դպրոցներում։ Ի դեպ, կլուծվի նաև այդ ուսուցիչների մանկավարժական ստաժի և սոցիալական փաթեթի համակարգում ներառելու խնդիրը։

Միաժամանակ դպրոցը ստանում է հավելյալ ֆինանսավորում, բավարարվում է արվեստի և մարզադպրոցների առկա պահանջարկը, նվազեցվում է ավելորդ երթևեկությունը և երեխաների շարժը աշխատանքային ժամերին, երեխաները ներգրավվում են դաստիարակչական և հավելյալ կրթական ծրագրերում:

Նմանատիպ դասընթացները կարող են լինել այնպիսի մարզաձևերից, ինչպես, օրինակ, բասկետբոլը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, շախմատը, արևելյան մարտարվեստները, մարմնամարզությունը, իսկ արվեստի բնագավառից՝ նկարչությունը, քանդակագործությունը, երաժշտությունը, երգեցողությունը, կիրառական արվեստը և այլն: Բոլոր նման դասընթացները, ինչպես նաև հավելյալ սնունդը պետք է լինեն մատչելի բոլորի համար: Դպրոցում տրամադրվող ճաշը պետք է համապատասխանի պետական մարմինների կողմից սահմանված խիստ նորմերին՝ բավարարելով սանիտարահիգիենիկ, սննդամթերքի անվտանգության և այլ պահանջներին, նաև պարունակի երեխաներին անհրաժեշտ վիտամիններով հարուստ մթերք։ Իսկ դպրոցում երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքների համար պետք է գործի հատուկ փաթեթ։

Այս խնդրին ցուգահեռ հարկավոր է լուծել դպրոցների անհավասար ծանրաբեռնվածության հարցը՝ բացառելով երկրորդ հերթափոխով դասերի կազմակերպումը։

 

Շահանե Նռանյան

Ճարտարապետության թեկնածու

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ