19 11 2018

Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է

Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգում է՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ կառավարությունը պատրաստվում է նոր նախաձեռնություն ներկայացնել, որն, ըստ էության, հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին: Մասնավորապես, կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:

Սա նշանակում է, որ գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն ինքնազբաղված անձինք պետք է իրենց եկամուտը, որն առաջացել է այն վաճառքից, հայտարարագրեն: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը:

Սրանով ամեն ինչ սկսվում է, բայց ոչ ավարտվում: Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե: Այսինքն եթե ձեզ 100 դոլար են ուղարկել, դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե: Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի:

Քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն գործիքներին, նաև այն երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ պնդել, որ այս ձևաչափով այս գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող:

Ես իմ իրավասության շրջանակում անելու եմ ամեն ինչ, որ այս նախաձեռնությունն իրականություն չդառնա»,- հայտարարել է նա:

Նշենք, որ ներկայացված օրինագծի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ