04  10  2018

Ի՞նչ աշխատանք է տարվել մանկատան սաների բնակարային խնդրի հարցով

Ի՞նչ աշխատանք է տարվել մանկատան սաների բնակարային խնդրի հարցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ իրականացրած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։Ինչպես  հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել երիտասարդների հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն՝ առնվազն սեփական առողջությանը չվնասելու նպատակով։

Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են բացի սոցիալական բնակարան ունենալու խնդրից նաև այլ՝ ֆինանսական և առողջապահական խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ Հանդիպմանը մասնակցել են Գոռ Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Մելինե Պլանուկյանը։ Հացադուլ հայտարարած Դավիթ Ամոյանը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը առողջական վիճակի վատթարացման հետևանքով։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցելու նպատակով նախարարի անունից նամակ է ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին։ Երիտասարդների աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն ու Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։

Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի անձնական տվյալների, ինչպես նաև վերը նշված խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Դավիթ Վազիրի Ամոյանն ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։  Հերթացուցակում N 213-ն է։

Ինչպես գիտեք հացադուլ հայտարարած Դավիթի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ Այս պահին Դավիթ Վազիրի Ամոյանի առողջական վիճակն էապես բարելավվել է, և, ըստ բժիշկների, վաղն արդեն դուրս կգրվի։Դավիթ Վազիրի Ամոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու պատրաստակամություն է հայտնել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։

Կացարանն արդեն իսկ պատրաստ է, սպասում են, որ Դավիթը դուրս գրվի հիվանդանոցից։ Նախարարությունն իր հերթին կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, Դավիթ Ամոյանին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար։Աշոտ Ժորայի Ղազարյանը մանկատան շրջանավարտ չի համարվում, սակայն «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նաև նրան։ Աշոտ Ղազարյանն արդեն իսկ բնակություն է հաստատել Քանաքեռում տեղակայված սոցիալական տանը։

Մելինե Կարապետի Պլանուկյանը ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։ Հերթացուցակում 143-ն է։ Նրան բնակարանով ապահովելու խնդիրը լուծվել է հատուկ ընթացակարգով. մեկ շաբաթվա ընթացքում Մելինեի ընտանիքը կտեղափոխվի Թբիլիսյան խճուղիում տեղակայված սոցիալական բնակարաններից մեկում։

Գոռ Վիրաբի Պետրոսյանը մանկատան շրջանավարտ չի համարվում։ Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գոռը մատնանշել է ֆինանսական խնդիրների կարգավորման, ինչպես նաև բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն հրաժարվել է ժամանակավոր կացարանից և խնդրել ֆինանսական աջակցություն սեփական բնակարան ձեռք բերելու համար։ Խնդիրը դեռևս կարգավորման գործընթացում է։ Հացադուլ անող երիտասարդներին  աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որը համաձայն սահմանված ընթացակարգի և աջակցության ձևաչափի, կտրամադրի անհրաժեշտ օգնություն բոլոր մասնակիցներին (ըստ ցանկության)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ