01  10  2018

Երեք անգամ ավել գումար՝ երկրորդ երեխա ունենալու դեպքում

Երեք անգամ ավել գումար՝ երկրորդ երեխա ունենալու դեպքում

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։

 

Որոշման նախագծի ընդունումից հետո 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. մեր երկրում ծնվել է երկու կարգաթիվ ունեցող համապատասխանաբար 16051, 15850, 15032 երեխա։ Կանխատեսվում է, որ 2018թ. 2-րդ կիսամյակում Հայաստանում  լույս աշխարհ կգա երկու  կարգաթիվ ունեցող շուրջ 7500 երեխա: 

 

Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ: Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ