07  07  2018

Սուպերմարկետներն ու կառավարությունը գոհ մնացին, գյուղացին՝ դժգոհ

Սուպերմարկետներն ու կառավարությունը գոհ մնացին, գյուղացին՝ դժգոհ

Հուլիսի 6-ին կառավարության դիմաց բողոքի ցույց էին անցկացնում գյուղացիները: Նրանք ահազանգում էին, որ սուպերմարկետները հրաժարվում են գնել անասունների միսը՝ պատճառաբանելով, որ նախորդ 2 տոկոսի փոխարեն 20 տոկոս ավելացված արժեքի պատճառով միսը չեն կարողանում վաճառել։

Ցուցարարների կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի խնդրից: Նրանք հայտնեցին, որ սուպերմարկետներից տեղեկացրել են, որ պետք է միսը ավելացված արժեքի հարկի պատճառով թանկ վաճառեն, ինչի արդյունքում միսը դրսից են բերում և ստացվում է ավելի մատչելի գին։

Ցուցարարները շեշտեցին, որ իրենց նպատակը «թանկով» միս վաճառելը չէ, իրենք պատրաստ են միսը էժան տալ սուպերմարկետին, բայց սուպերմարկետն էլ պետք է պարտավորվի այն էժան ծախել։

Բողոքին մասնակցող մսավաճառներն նշեցին, որ եթե խնդրին հրատապ լուծում չտրվի, այլևս չեն աշխատելու, իսկ գյուղացիները հորդորում էին շտապել լուծում գտնելիս, քանի որ միսը կարող է փչանալ, իսկ իրենց վարկային պարտավորությունները չեն կարող սպասել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտումներ էր արել «Ալեքս Հոլդինգ» ընկերության «Երևան Սիթի»-ում առ այն, որ հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրության խոշոր մեխանիզմ է գործել:

Այս ռիսկի մասին բարձրաձայնել էին դեռևս սուպերմարկետների ներկայացուցիչները, երբ բաց նամակով դիմել էին վարչապետին: Մասնավորապես նրանք նշել էին՝« Սա կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկային»: Նրանք առաջարկել էին իրավիճակը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ֆեյսբուքյան ստատուսով, որում կոչ էր արել հանրությանը՝ «բոյկոտել թալանչիներին և կոռուպցիոներներներին»՝ թանկացումներն էլ որակել արհեստական: Բաց նամակներից և կոչերից մեկ օր հետո իրավիճակը կարծես թե հարթվեց, սուպերմարկետները «նահանջեցին», որպես ապացույց էլ վարչապետը շտապեց ֆեյսբուքի էջում մսի գնի իջեցումը փաստող լուսանկար հրապարակել՝ սուպերմարկետներ այցից հետո: Լուսանկարը վարչապետի էջում 20 հազարից ավելի լայք հավաքեց, 500 մեկնաբանությունների հասնող դրվատանքի խոսքեր:

Իսկ խնդիրն իրականում մնաց, և զարգացավ այն ուղությամբ ինչպես կանխատեսում էին մասնագետներն ու սուպերմարկետների տնօրենները:

Մնում է սպասել, որ գյուղացիների բարձրաձայնած խնդրին արձագանքը կլինի նույնքան հրատապ, բայց արդեն կոնկրետ լուծման առաջարկի տեսքով, որը 20 հազար լայք գուցե չհավաքի, բայց գյուղացիների խնդիրը կլուծի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ