17 05 2018

Վարչապետն առաջարկում է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու մասին



Կառավարության մայիսի 17-ի նիստի ժամանակ վարչապետն Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը:

«Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին:

Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար:

Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ոստիկանության հետ համատեղ առաջարկություններ մշակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ