12  04  2018

ՌԴ-ում հայկական ազգանունը քչացնում է աշխատանքի տեղավորվելու շանսերը, բայց դա հայերին չի կանգնեցնում

ՌԴ-ում հայկական ազգանունը քչացնում է աշխատանքի տեղավորվելու շանսերը, բայց դա հայերին չի կանգնեցնում

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընկերությունները խտրականություն են դրսևորում Միջին Ասիայից և Կովկասից պոտենցիալ աշխատակիցների նկատմամբ: Իսկ Ուֆայում և Կազանում բոլոր էթնիկ խմբերի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, պարզել են անգլիական Էքսեթերի համալսարանի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական ինստիտուտի գիտնականները համատեղ հետազոտությունում:

Հետազոտության հեղինակները փորձ են անցկացրել՝աշխատանքի որոնմանը նվիրված երկու ռուսական կայքերում գրանցելով այս կամ այն էթնիկ խմբերի ներկայացուցիչներին բնորոշ անուններով կեղծ թեկնածուների մի քանի հարյուր ինքնակենսագրական:

Ինքնակենսագրականներն այնուհետ ուղարկվել են չորս քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Ուֆայում, ազատ աշխատատեղերի համար: Ընդհանուր առմամբ, հետազոտողները դիմել են ավելի քան 9 հազար աշխատատեղի համար՝ 14 էթնիկ խմբի ներկայացուցիչների անունից:

Արդյունքները ցույց են տվել, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուներն ամենալավն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին, այդ խմբից թեկնածուների 41 տոկոսը ստացել է հարցազրույցի հրավեր: Ուկրաինացիներին հարցազրույցի են հրավիրել 40 տոկոսի դեպքում, հրեաներին՝ 39 տոկոսի դեպքում, գերմանացիներին՝ 37 տոկոսի դեպքում: Վրացիներին հարցազրույցի են հրավիրել 26 տոկոսի դեպքում, հայերին՝ 27 տոկոսի, չեչեններին, ադրբեջանցիներին, տաջիկներին և ուզբեկներին՝ 28 տոկոսի դեպքում, թաթարներին՝ 29 տոկոսի դեպքում:

Ինքնակենսագրականները տարբերվում էին միան անուններով, նշում են հետազոտողները: Այս ամենի հիման վրա նրանք եզրակացնում են, որ երկու քաղաքներում գործատուները խտրական վերաբերմունք են ցուցաբերում ՌԴ-ի տարածաշրջանների և հարավային երկրների ներկայացուցիչների հանդեպ:

Չնայած հետազոտության արդյունքներին՝ տարեցտարի ավելանում է այն հայաստանցիների թիվը, ովքեր մեկնում են ՌԴ աշխատելու նպատակով: Համաձայն ՀՀ միգրացիոն պետական գործակալության, 2017 թվականին 230 հազար մարդ է Հայաստանից ՌԴ գնացել աշխատանքային նպատակով, 2016 թվականին՝ 209 հազար, 2015-ին՝ 264 հազար մարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ