10  04  2018

Որտե՞ղ և ի՞նչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել



Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը հայտնում է, որ որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ և ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել: 

Սահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը և արժույթին: Հայտնի է, որ կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով և արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը:

Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարևոր է նաև, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) և ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ և առավել ապահով  են նմանատիպ ներդրումների համար:

Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված և ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ