13  02  2018

Հայաստանում անտառները կհսկեն զինված ռեյնջերներով. Պաշտոնյա

Հայաստանում անտառները կհսկեն զինված ռեյնջերներով. Պաշտոնյա

2017 թվականին լայնամասշտաբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքում «Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանը: Անտառապահների կողմից թույլ վերահսկողությունը գլխավոր անտառապետը բացատրեց անտառապահների ցածր աշխատավարձով և նրանց թույլ լիազորություններով: «Եթե աշխատողը ցածր աշխատավարձ է ստանում, ժամանակին աշխատանքից տուն գնալու համար տրանսպորտային միջոց չունի, իսկ նրա պարտականությունները շատ ավելի մեծ են, քան իրավունքները՝ հաշվի առնելով, որ նրան է վստահված 1500 հա տարածք, ապա ի՞նչ կարելի էր սպասել»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոմիտե դարձնելու փոփոխությունից հետո անտառների օգտագործումը տարանջատվելու է պահպանությունից: «Եթե նախկինում անտառապահը որպես պահակ էր հանդես գալիս, այժմ նրանք ռենջերներ են լինելու, մարդիկ, ովքեր զինված հատուկ ծառայություններ են իրականացնելու, իրավունք են ունենալու խախտում հայտնաբերելու դեպքում տեղում խլելու ապօրինի հատված փայտը և այլն»,- ասաց Պետրոսյանը:

Գլխավոր անտառապետը նշեց, որ ապօրինի անտառահատումները կասեցնելու համար պետք է ավելացնել օրինական հատումների թիվը, այսինքն` անտառահատումները ստվերից պետք է բերել օրինական դաշտ. այն տարածքներում, որտեղ թույլատրվում է փայտանյութ ձեռք բերել, մրցութային կարգով հատումներ կիրականացվեն:

 

Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից բացահայտված` ապօրինի ծառահատումների վերաբերյալ գործին, ասաց, որ նախկինում էլ են նմանատիպ քրեական գործեր հարուցվել, սակայն այս մասշտաբի չեն եղել: Նրա խոսքով՝ խնդիր է դրված ՝ հասկանալ և վերհանել անտառներում առկա խնդիրները: Սարգսյանը տեղեկացրեց, որ «Դիլիջան ազգային պարկ»-ում 2017թ. նոյեմբերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 16.000 ծառ: Անտառների ընդհանուր ստուգումների արդյունքում անտառներին հասցված վնասը 3 մլրդ դրամից ավելի է եղել:

Բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ էլ անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Նրա խոսքով՝ անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները հաճախ ստիպված են անօրինական կերպով կտրել անտառների ծառերը՝ ձմռանը պատրաստ լինելու համար:

«Սակայն անտառների հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները: Բացի այդ, բիզնեսի շահերից բխող համակարգային անտառահատումը չի կարող իրականացվել առանց լուրջ կոռուպցիոն բաղադրիչի և գործարարների ու պաշտոնյաների միջև պայմանավորվածության», - ասաց բնապահպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ