12  02  2018

Մի քանի հանձնարարական՝ Երևանի քաղաքապետից

Մի քանի հանձնարարական՝ Երևանի քաղաքապետից

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով: Ոլորտի մասնագետներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի որոշ փողոցների՝ հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից ստացվող բողոքներին: «Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, և երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաև համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցերի տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ