18  01  2018

Կառավարությունը հիշել է բազմազավակ ընտանիքների մասին

Կառավարությունը հիշել է բազմազավակ ընտանիքների մասին

Հայաստանի կառավարությունը հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններին:

Կառավարությունը սահմանեց բազմազավակ ընտանիք հասկացությունը, ըստ որի՝ բազմազավակ է համարվում չորս և ավելի երեխա խնամող ընտանիքը:

Կառավարությունը նպատակ է դնում բավարարել բազմազավակ ընտանիքների և նրանց անդամների առաջնահերթ պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների և նրանց անդամների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Բազմազավակ ընտանիքներին տրվում են՝

  1. սոցիալական աջակցություն
  2. բժշկական օգնություն և սպասարկում: Յուրաքանչյուր բազմազավակ ընտանիք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում,
  3. բնակարանով ապահովման պետական աջակցություն, որը ներառում է բնակարանային ապահովության պետական նպատակային ծրագրերում բազմազավակ ընտանիքներին առաջնահերթ ընդգրկումը, բնակարանի գնման կամ շինարարության համար արտոնյալ ու երկարաժամկետ վարկի տրամադրումը կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորումը,
  4. կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորում,
  5. ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի,  գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորում,
  6. երեխաների կրթական աջակցություն. մանկապարտեզից սկսած՝ վարձը կփոխհատուցվի 50 տոկոսի չափով:

Վեց և ավելի երեխա ծնած-որդեգրածներն էլ կպարգևատրվեն Ծնողական փառքի մեդալով:

Ինչո՞ւ է կառավարությունը հիշել բազմազավակ ընտանիքների մասին:

Նման որոշումը պայմանավորված է հանրաետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, քանզի առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000-ական թթ. սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժը անհրաժեշտ է առավելագույն օգտագործել:

Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ