12  01  2018

Սպառողական ապրանքների գներն աճել են. ԱՎԾ

Սպառողական ապրանքների գներն աճել են. ԱՎԾ

2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից: 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% աճին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.3% և 25.1% գնաճը:

2017թ. Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով: Մեկ տարվա կտրվածքով՝ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.6%-ով: Վերջին մեկ տարում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտում գրանցվել է 5.3% աճ, ոչ պարենային ապրանքների գծով՝ 1.7% գնաճ, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5 %-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7.3% գնաճը: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 11.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ