09  01  2018

Թանկացումները կշարունակվեն, 800 ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են. Կարեն Չիլինգարյան

Թանկացումները կշարունակվեն, 800 ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են. Կարեն Չիլինգարյան

Այս տարի ԵԱՏՄ մտնելու հետևանքով շուրջ 40 ապրանք կթանկանա: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը: ՀՀ-ում աղքատության մակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 30 (29.4) տոկոս է, սակայն նա շեշտեց, թե աղքատության մակարդակը թանկացումների հետևանքով բարձրացել է:

«Մեզ էլի են թանկացումներ սպասվում՝ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով, ավելին՝ արդեն թանկացել է գազը, որը ՀՀ-ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ-ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,- ընդգծեց Չիլինգարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ դառնալով մեր սպառողը դեռևս չի շահել: Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ 800 ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են: Նա պնդեց, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունը զուտ քաղաքական որոշում է եղել, քանի որ տնտեսական առումով որևէ դրական տեղաշարժ չկա:

«Կբարձրանա վառելիքի, թռչնամսի գինը և այլ ապրանքների, որոնք ներկրվում են 3-րդ երկրից: Ավտոմեքենաների ներկրման գները կբարձրանան, քանի որ 500-1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է, և ներկրվում են հիմնականում 3-րդ երկրներից: Մենք հիմնականում օգտվում ենք երկրորդական երկրներից: Խոսվում է քաղաքային տրանսպորտի մասին, որ դա էլ կարող է թանկանալ. տրանսպորտի տերերը տեղ ունեն պահպանելու սակագինը, սակայն տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասաց Չիլինգարյանը:

 Մեկնաբանելով ԱՎԾ վիճակագրությունը, ըստ որի՝ գնաճը մինչև 1 տոկոս է, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ այս ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով:

«Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ ես գնում»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ