31  08  2017

9 ընտանիք 20 տարի ապօրինի բնակվել են սոցապնախարարության ենթակայության տարածքում

9 ընտանիք 20 տարի ապօրինի բնակվել են սոցապնախարարության ենթակայության տարածքում

ՀՀ կառավարությունն օգոստոսի 31-ին որոշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքն ազատել առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության այնտեղ բնակվող ինն ընտանիքներից և ազատված տարածքն օգտագործել կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման նպատակով:

642.4 քմ տարածք զբաղեցնող ննջարանային մասնաշենքում առանց օրինական հիմքի բնակվող ինն ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանց ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:

Բնակարանի գնման վկայագրով նախատեսվող գումարի չափը կազմում է՝ մեկ սենյականոց բնակարանի համար՝ 9.323,6 հազար դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ 13.985,4 հազար դրամ, երեք սենյականոց բնակարանի համար՝ 18.647,2 հազար դրամ:

Այդ ընտանիքները շենքում բնակվում են ավելի քան երկու տասնամյակ: Ընտանիքներից մեկը կազմված է հինգ անդամից, երկուսը՝ չորս, երեքը՝ երկու անդամից և երեքը՝ մեկ անդամից: Նշված ընտանիքների՝ կազմակերպության տարածքում բնակվելը կազմակերպությանը թույլ չի տալիս սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքը նպատակային օգտագործել և ընդլայնել շահառուներին տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների տեսակներն ու ծավալները և այն էլ այն դեպքում, երբ հանրապետությունում հրատապ խնդիր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման համար համապատասխան պայմանների ապահովումը:

Այսօրվա դրությամբ կազմակերպություն ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ, միաժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որը նախատեսված է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների համար, խնամվում են 100-ից ավել 18 տարին լրացած անձինք, քանի որ այլ հատուկ հաստատություններում ազատ տեղեր չկան:

Միաժամանակ, կազմակերպության տարածքում բնակվող անօթևան ընտանիքների վտարումը կազմակերպության տարածքից հակասում է սոցիալական պաշտպանության բնագավառում գործող կազմակերպությունների բարոյական նորմերին, ուստի կազմակերպությունը դիմել է լիազոր մարմնին իր տարածքում տարիներ շարունակ անօրինական հիմունքներով բնակվող անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման առաջարկությամբ:

Նախատեսվում է ազատել կազմակերպության ննջարանային մասնաշենքը, ընդլայնել շահառուներին մատուցվող ծառայությունները և կազմակերպությունում խնամվողների տեղերն ավելացնել առնվազն 50-ով:

Բանն այն է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը, այսինքն, վարչապետի ստորագրումից հետո պետք է ընտանիքներն ազատեն զբաղեցրած տարածքները, իսկ 10-օրյա ժամկետում միայն կստեղծվի ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, կհաստատվի հանձնաժողովի աշխատակարգը, բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը:

Լուսանկարը hetq.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ