09  06  2017

Ջրամատակարարաման ցանցի վերանորոգում Մեծամորում և ջրագծի վերանորոգում Տաշիրում

Ջրամատակարարաման ցանցի վերանորոգում Մեծամորում և ջրագծի վերանորոգում Տաշիրում

Վերջերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ստուգայցով հանրապետության հյուսիսում էր: Երկու օրվա ընթացքում ընկերության ղեկավարը, «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության աշխատակիցների հետ, հասցրել է լինել գրեթե բոլոր ջրաղբյուրներում, ծանոթանալ ջրատարների, ջրագծերի ու պոմպակայանների վիճակին, քննարկել ջրամատակարարման խնդիրները ու հետևել տարվող աշխատանքներին:

Տաշիրցիները ևս ներկայացրել են իրենց խնդիրը: Բանն այն է, որ քաղաքին անհրաժեշտ խմելու ջուրը նախ ինքնահոս եղանակով «Բազումի ջրատարով» լցվում է օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/, իսկ հետո այնտեղից մղվում Տաշիր: Սակայն դեպի քաղաք ձգվող 250 մմ տրամագիծ ունեցող թուջե ջրագիծը վաղուց արդեն մաշվել էր, վթարային դարձել: Այդ ճանապարհին ընկերությունը կորցնում էր վայրկյանում 15-20 լիտր ջուր: Ջրամատակարարումն այստեղ շուրջօրյա է, բայց ջրի անբավարարության խնդիր կա:

Ընկերության ղեկավարության այցից հետո որոշվել է դրանք հնարավորին արագ փոխարինել 225մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենային խողովակներով: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է չորս օրվա ընթացքում ավարտին հասցնել:

Մեկ այլ խնդիր էլ լուծվել է Մեծամորում: Մեծամոր 38 հասցեում կար ջրամատակարարման ցանցի «ներքին կայցոյի» խնդիր: Վեոլիա Ջրի ու քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ խողովակներն այնտեղ բերվել են բարվոք տեսքի ու աշխատանքային վիճակի:

Արմավիրի մարզի մի շարք համայնքների, այդ թվում Մեծամորի, նախկին ջրամատակարարի՝ «Նոր Ակունք» ընկերության սեփականատերերը եղել են հենց իրենք՝ համայնքները: Եվ համատեղ որոշել են, որ «Նոր Ակունքը» պետք է սպասարկի բնակարանները մինչև ծորակ: Փաստ է, որ ստեղծված պարագայում ներքին ցանցի համար պատասխանատու կազմակերպության կարիք պարզապես չի եղել:

Այսօր իրավիճակն այլ է: Համաձայն գործող կարգի՝ ջրամատակարարման համակարգերի նոր օպերատոր «Վեոլիա Ջուրը» սպասարկում է ջրագծերն ու կոյուղագծերը միայն մինչև բազմաբնակարան շենքերի արտաքին պատը: Բնականաբար, առաջացել է շենքերի ներքին ցանցի սպասարկման խնդիր: Մինչդեռ քաղաքում կա 40-50 «տարեկան» թվով 68 բազմահարկ, որոնցից առավելագույնը 15-ի ներքին ցանցն է բավարար վիճակում: «Վեոլիա Ջուրն» ու քաղաքապետարանը գնացել են համագործակցության ճանապարհով: Ուսումնասիրել են շենքերի «ներքին կալցոյի» տեխնիկական վիճակը ու առաջին փուլի համար ընտրել վերանորոգման կարիք ունեցող 6 շենք: Քաղաքապետարանը հատկացնում է պահանջվող նյութեղենը, իսկ ջրմուղագործները կատարում են շինարարական աշխատանքները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ