30  01  2017

Աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն ֆինանսական պատասխանատվություն

Աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն ֆինանսական պատասխանատվություն

ՀՀ վարչապետի հանձնարարականով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Այսուհետ, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:

Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ է արվում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ է արվում նաև չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որևէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչև քրեական:

Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ և կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ