30  07  2016

Զինված հարձակում Երևանում. Օր 14-րդ | լրացվում է

Զինված հարձակում Երևանում. Օր 14-րդ | լրացվում է

 Ուղիղ միացում Խորենացի փողոցից

 

14-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորումը զինված գրավել է ոստիկանության ՊՊԾ գունդը:

Հուլիսի 29-ին ոստիկանական դիպուկահարը կրակեց երեք զինյալի վրա: Նրանցից երկուսին՝ Արթուր Մելքոնյանին ու Արմեն Լամբարյանին, տեղափոխեցին հիվանդանոց, Արայիկ Խանդոյանը հրաժարվեց հիվանդանոց գնալ:

ԱԱԾ-ն հայտարարեց, թե բացահայտել է «Սասնա ծռերին» օժանդակողների:

 

Երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց, այնուհետև՝ երթ դեպի Խորենացի փողոց: Ցուցարարները ճանապարհի կեսից փոշմանեցին և ճեղքելով ոստիկանական օղակը՝ մտան Սարի թաղ, որը ոստիկանական վերահսկողության տակ է զինված հարձակումից ի վեր:

 

Սարի թաղում ոստիկան-ցուցարար բանակցությունները տապալվեցին, և ոստիկանները հարձակվեցին քաղաքացիների վրա:

 

Արցունքաբեր գազ, հրդեհված տներ, ձայնային խլացուցիչներ, արդյունքում՝ վիրավորներ ու բերման ենթարկվածներ:

 

6 տասնյակ քաղաքացիներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հիմնականում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոններ:

 

 

Տարածքում տիրեց հանդարտություն, և մինչ այս պահը խաղաղ է:

 

 

 

 

 

 

13:49

Տեսանյութ, թե ինչպես «ցուցարարները» Սարի թաղից վաելով գնացին ՊՊԾ գնդի մոտ

Սարի թաղում հուլիսի 29-ի ողբերգական իրադարձություններից առաջ երթի կազմակերպիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում էր, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, որոնք իշխանության ուղարկած մարդիկ են և նպատակ ունեն սադրանքներ անել:

Քիչ հետո մի խումբ մարդիկ վազելով գնացին ՊՊԾ գնդի ուղղությամբ:

Դրանք այն մարդիկ էին, որոնք, ըստ ոստիկանության հայտարարության, փորձել են մտնել ՊՊԾ գունդ:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկություններ հրապարակեց, որ հենց այդ սադրիչներն են իջել տարածք, որից հետո հանել են մահակները և ծեծել իրենց հետևից գնացած ցուցարարներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 14:40

Կան 23 ձերբակալվածներ, որոնց թվում՝ Արմեն մարտիրոսյանն ու Անդրեաս Ղուկասյանը

ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է  քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից  հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու  վերաբերյալ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են  զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետևանքով  վտանգվել է հասարակական անվտանգությունը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն  առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը։

Նախնական տվյալներով՝  հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս  մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»։

14:48

Թե Սերժ Սարգսյանը, թե Ժիրայր Սեֆիլյանն անդրդվելի են. Սեֆիլյանի հաղորդագրությունը

Հիմնադիր խորհրդարանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հողորդագրությունը, որում ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, հայտնում եմ ձեզ, որ անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ:

Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը:

Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը: Հակառակ այս ամենի, ինչպես նաև՝ հակառակ ռեժիմի կողմից Սասնա Ծռերի և հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը:

Եվ ուրեմն, այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:

16:27

ԱԱԾ-ն ժամանակ է տալիս մինչև 17:00-ն

2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաև գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ:

Բացի այդ, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով:

Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել: Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ:

Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել:

Հայտնում ենք, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հաձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև  զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար:

Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:

Զգուշացնում ենք նաև, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, այն կատարած բոլոր անձինք, անկախ իրենց կարգավիճակից, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ:

16:34

ՊՊԾ գնդում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանին «Սասնա ծռերը» բաց են թողել:

16:45

Ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասում է.

«Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկանական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի: Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և Լևոն Բարսեղյանը: Երթը փաստացի ղեկավարող անձինք սկզբում հայտարարել են, որ ցանկանում են մտնել ՊՊԾ գնդի տարածք, իսկ հետագայում փորձել են ճեղքել անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշը: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են արձակվել Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության զորքերի զինծառայող, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ:

Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները և լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ:


Գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաև հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու և այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ: Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք:

Իրավիճակից բխող անհրաժեշտ և հավաքի մասնակիցների վարքագծին համարժեք գործողությունների իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել թե՜ ոստիկաններ, թե՜ հավաքի մասնակիցներ, և թե՜ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

ՀՀ ոստիկանությունը կրկին փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում և դրան հարող տարածքում զինված խմբի հանցավոր գործողությունների և անօրինական հավաքների կազմակերպման հետևանքով պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետևանքներով լի իրավիճակներ: Ուստի, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև նոր հանցանքների կատարումը հնարավոր է կանխել միայն հավաքն այլ վայր տեղափոխելու միջոցով:

Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:


Միաժամանակ զգուշացնում ենք, որ այս պահանջներին չենթարկվելու և նոր իրավախախտումներ կատարելու դեպքում կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի և համարժեք բոլոր միջոցները»:

18:02

ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները

ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված  Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները

 

18:30

Մայր Աթոռը խոսեց

Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրվել են Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես են եկել ուղերձով:

«Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել են մեր կյանքի խաղաղությունը: Խորապես ցավ ենք ապրում, որ լարված իրավիճակը երեկ երեկոյան հանգեցրեց նոր բախումների, ինչի հետևանքով վիրավորվեցին տասնյակ մարդիկ` ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Անընդունելի ենք համարում ամեն կարգի անօրինական քայլ ու բռնության միտված գործողություն, որոնք կարող են պատճառ դառնալ արյունահեղության և վտանգել մեր պետականության ապագան:

Մտահոգված սրտով, բայց նաև մեր ժողովրդի ողջախոհության հանդեպ հավատով կոչ ենք անում` չտրվել զգացմունքայնությանը, մերժել հակամարտությունը, կամք դրսևորել` ընթանալու երկխոսության ճանապարհով: Մեր երկրում, հիրավի, մեր հասարակությանը հուզող և լուծման կարոտ շատ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած, որոնց հաղթահարումը պետք է իրագործվի որքան հնարավոր է շուտ և բացառապես խաղաղ գործընթացներով, փոխըմբռնման ոգով: Մենք բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք, նույն տեսիլքն ունենք հզոր ու պայծառ Հայրենիքի և որպես հարազատ ժառանգները մեր հայրենաշեն նախնիների` պարտավոր ենք առաջնորդվելու համազգային շահերի նախանձախնդրությամբ»,- նշված է ուղերձում:

 ***

Ոստիկան է զոհվել

ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կրակից սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»

20:10

ՊՊԾ գնդի տարածքում երկու պայթյուն է լսվել: 

20:25

Ժիրայր Սեֆիլյանը երկրորդ նամակն է տարածել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր հուլիսի 30-ին արդեն երկրորդ նամակն է տարածել: Նրանում մասնավորապես ասվում է.

«Սիրելի ժողովուրդ,

Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։

Բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն մեր երկրի և ժողովրդի է, հանուն ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան հայկական պետության է։

Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը, և մեր ժողովրդին ուղղված տարաբնույթ կոչերով հանդես չգալը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։

Սակայն, առկա է մի իրականություն, որ Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։

Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղին և մեր ժողովրդին արդեն սիրելի դարձած ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու և ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, պարտավոր ենք իրավիճակը ճիշտ գնահատել և տղաների անձնազոհության գնով ստեղծված առկա հնարավորությունը օգտագործել ու գործել ճշգրիտ։

Ուստի, դադարեցնելու համար ամենօրյա արյունահեղությունը և կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ ժամ առաջ գետնի վրա հասնել այն վիճակին, որ մեր ժողովուրդն իր խաղաղ հավաքի իրավունքն իրացնելով, ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։

Նկատի ունենալով իշխանության ջանքերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակության մեջ օրեցօր խորացող բևեռացումը, սույնով դիմում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նոր միայն միջազգային հանրությանը, իմ կողմից առաջարկվող տարբերակի կամ մեկ այլ՝ խնդրի խաղաղ լուծման և արյունահեղության կանխմանն ուղղված արդյունավետ տարբերակի կիրառման գործուն միջամտություն դրսևորելու հարցում։ Այլապես, արյունահեղությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության էլ ավելի բևեռացման։

Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել մեծ ջանքեր, որի շնորհիվ բազմապատկելով ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամով։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղղին, ընդունել ժողովրդի պահանջը և նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ ու հանգուցալուծումը պետք է լինի միայն ի շահ մեր ժողովրդի և երկրի։

Ողջունելով և բարձր գնահատելով հուլիսի 17-ից սկսված ապստամբությանը աջակցող փողոց դուրս եկած մարդկանց, կոչ եմ անում մեր ժողովրդի այն հատվածին, որը մինչ այս պահը ներգրավված չէ այս ամենին։ Կոչս մասնավորապես ուղղում եմ ՀՀ և Արցախի բնակչությանը, Ջավախքի հայությանը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայությանը ժամ առաջ հասնել ազգային վերածնունդի քաղաքական կամքի կենտրոնի վերածված Խորենացի փողոց։

Սիրելի հայրենակիցներ, պահը պատմական է, Սասնա Ծռերի տղաները կատարել են իրենց առաքելությունը, իսկ մենք պարտավոր ենք իմաստավորելու իրենց զոհաբերությունը»,- ասվում է նամակում:

21:08

Կուսակցությունները դատապարտում են

Հուլիսի 29-ին Սարի թաղում կատարվածը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել հայաստանյան մի շարք կուսակցություններ:

Մինչ այս, հայտարարություններ են տարածել «Ազատ դեմոկրատներ», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում», «Համախմբում», «Հանրապետություն», «Հայկական վերածնունդ», ՀՅԴ կուսակցությունները:

Նրանք պահանջում են ԱԺ արտահերթ նիստ, դեպքերի արդար քննություն, լրագրողների նկատմամբ բռնությունների բացահայտում և մեղավորների պատժում և այլն: Հիմնականում կուսակցությունները դատապարտում են ոստիկանության քայլերը:

Նրանցից «Համախմբում» կուսակցությունը պահանջում է ձերբակալվածների ազատ արձակում, քաղաքական ուժերին կոչ է անում համատեղել ջանքերը՝ դուրս գալու այս լրջագույն ճգնաժամից, սփյուռքահայ հայրենակիցներին, հեղինակավոր անձանց, կազմակերպություններին կոչ է անում անմասն չմնալ Հայաստանում կատարվող ճակատագրական իրադարձություններին:

«Ելքեր կան, և այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական քայլերն են: Այլընտրանքը ապակայունացումն է և սողացող քաղաքացիական պատերազմը: Վստահ ենք, որ երկրի ներկայիս ապակայունացման գործընթացը լրջորեն կարող է ազդել Հայաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա, ինչը հղի է լուրջ վտանգներով:  Սա իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում պետականության համար»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

21:10

Դարձյալ հանրահավաք և երթ՝ Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում դարձյալ կազմակերպվեց հանրահավաք: Գերագույն Խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ պետք է քաղաքացիները միասին որոշեն անելիքները՝ երթ են անում դեպի Խորենացի փողոց կամ այլ վայր:

Բարձրախոսը փոխանցեցին երիտասարդներին:

Նրանցից մեկը կոչ արեց Երևանի փոքր կենտրոնում փողոցներ փակել, նստացույց անել: 

Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ երթով շարժվում են Մաշտոցի պողոտա: Սկզբում կփակեն այն, հետո՝ Ամիրյան փողոցը, հրապարակը, որից հետո կորոշեն հետագա անելիքները:

22:03

Օմբուդսմենն այցելել է «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: 

Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

Օմբուդսմենի աշխատակազմից հայտնում են. «Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա  էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ:

Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:

Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել» ։

 22:՛50

Երևանյան իրադարձությունների միջազգային արձագանքները

Միջազգային կառույցներն ու դիվանագիտական գրասենյակները հայտարարություն են տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Եվրոպական միության հայտարարությունը

Հայասատանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված Էրեբունու ոստիկանական  տարածքի գրավման հետ խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին:

Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: Կոնֆլիկտների լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական երկխոսության միջոցով՝   ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը.

«ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ ձեռնարկել քայլեր՝ կանխելու նախորդ գիշերվա գործողությունների կրկնությունը և հրահանգել ուժային կառույցներին կարգը պահպանելիս ապահովել ՀՀ քաղաքացիների խոսքի ազատության ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները. ազատություններ, որոնք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և հիմնարար արժեքներ են ցանկացած ամուր ու գործուն ժողովրդավարության համար:

Միաժամանակ, մենք կոչ ենք անում ցուցարարներին պատասխանատու վերաբերմունք հանդես բերել հավաքների ազատության իրավունքն իրացնելիս՝ հանդես բերելով զսպվածություն, զերծ մնալով բռնությունից ու խուսափելով Էրեբունու ոստիկանության շենքի շուրջ ակտիվ իրադարձություններից:Մենք ողջունում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերն ուղղված ցուցարարների, լրագրողների, անցորդների հանդեպ դրսևորված բռնության դեպքերի փաստագրմանը և բերման ենթարկվածների իրավական պաշտպանությանը:

Գլխավոր դատախազության կողմից լրագրողների դեմ բռնության փաստով քրեական գործի հարուցումը նախնական դրական քայլ է և մենք կռավարությանը կոչ ենք անում թույլ տալ մարդու իրավունքների խախտումների բոլոր դրվագներով անցկացնել լիարժեք, անկախ ու թափանցիկ հետաքննություն և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ: Մենք նաև կոչ ենք անում կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների սահմանադրական ու մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքեր թույլ չտալու ուղղությամբ:

Որպես բարեկամ ու ժողովրդավարական զարգացումներում Հայաստանի գործընկեր, ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգ է իրավունքի գերակայության ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության հետ կապված իրողությամբ, որ մատնանշվում է անցյալ գիշերվա իրադարձություններով:

Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը քաղաքացիական հասարակության ու կառավարության այն գործիչների հետ, ովքեր իրապես հանձնառու են ամրապնդել իրավունքի գերակայությունը: Միաժամանակ, ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումներով ստացված տեղեկությունները կկիրառվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս:

Հաշվի առնելով ցույցերն այսօր ևս շարունակելու կոչերը՝ մենք բոլոր կողմերին խստիվ կոչ ենք անում անկեղծորեն աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»: 

***

 Արձագանքել է նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը՝ նշելով, որ խիստ մտահոգ են կատարվող գործընթացներով:

 

 Նախորդ օրերի դեպքերի զարգացումները՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ