30 03 2021

300․1-ի վախճանը․ Լիա Իվանյան. Panorama.am

300․1-ի վախճանը․ Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Այսօր երեքշաբթի է․ այսինքն, չգիտես ինչ սկզբունքով  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  ավանդական դարձած դատական նիստի օրը։  Պարզ տրամաբանոությամբ այսօրվա նիստը պետք է վերացնի  այդ ավանդույթը և կարճի   300․1 հոդվածով կարած քրեական այս գործը։ Սա օրենքի պահանջն է՝ ՍԴ որոշման անհապաղ կատարումը։ Սա նաև մոտ երեք տարի ձգված այս  խայտառակ ու անհեռանկար գործից իրավաբանորեն ազատվելու ամենահարմար տարբերակն է․ կատարում ես ՍԴ որոշումը՝ գոնե հետագա մեղադրանքներդ մեղմացնելու համար։ Ասվածը  վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին և դատախազներին։ Մի քանի ժամից կտեսնենք նրանց մասնագիտական ու մարդկային իրական պատկերը։

Թող սխալված լինենք, բայց 100 տոկոսանոց վստահություն չկա օրենքի պահպանման հարցում, քանի որ աբսուրդների թագավորություն դարձած մեր երկրում հատկապես նոյեմբերի 10-ից հետո ամեն ինչ կարելի է սպասել։ Եթե կապիտուլյանտը 5 ամիս անց համարձակվում է մարդամեջ դուրս գալ և դեռ ընտրություններում հաղթանակի հույս ունենալ՝ ուրեմն մեզանում շատ լուրջ խաթարումներ կան։ Ամենից էական  ախտանիշը գլխիվայր շրջված ճշմարտության հաղթարշավն է։ Ընդ որում, ոչ միայն վերջին երեք տարիներին, այլ 1998-ից սկսած․ այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց չհրաժարվեց   Արցախից ազատվելու ծրագրից։ 

Այսօր արդեն կույր պետք է լինել չհասկանալու համար, թե ինչպես 20 տարի շարունակ հետևողականորեն իրականացվեց այդ ոչ հայկական ծրագիրը՝ կաթիլ-կաթիլ ատելության թույնը կաթեցնելով  ղարաբաղցիների հանդեպ։ Նախանձ,  անհաջողակ և ամեն ինչում  իրենցից դուրս մեղավորներ փնտրող մարդկանց համար այդ մտայնությունն ի վերջո  դարձավ կարծրատիպ՝   ի դեմս Քոչարյանի 4 միլիարդի և Սաշիկի 50/50-ի։   Հասարակության գիտակից հատվածը երևի չէր էլ պատկերացնի, թե այդ մանիպուլյացիային ինչ թվով մարդիկ են ենթարկվել, եթե 2018-ի հեղափոխական էյֆորիան աչքով չտեսնեինք։

Անշուշտ, տեսանք  նաև  էյֆորիային փոխարինած  աստիճանական սթափման գործընթացը, ինչին մեծապես նպաստեց  այն հանգամանքը, որ  Ռոբերտ Քոչարյանի  դեմ սանձազերծված դատական ֆարսի ընթացքում չապացուցվեցին   նրան մեղսագրվող ոչ միայն մեղադրանքները, այլև տասնամյակներով հասցեագրված  զրպարտանքներն ու հերյուրանքները։ Ո՞ւր է թալանված 4 միլիարդը, ո՞ւր է  «100 տոկոսով  բացահայտված Մարտի 1-ը ոճրագործությունը», ո՞ւր են  հոկտեմբերի 27-ը նրա կողմից կազմակերպված լինելու ապացույցները, ո՞ւր են հանքերի ու բանկերի սեփականատեր կամ փայատեր լինելու փաստաթղթերը․․․  Ամբողջ պետական ապարատն էր լծված դրանք ապացուցելու հարցին։ Դե ապացուցեիք, ցույց տայիք ձեզ հավատացած զանգվածին, որ ամբողջ 20 տարի չեք խաբել ու չեք զրպարտել  պետականակերտ գործչին, ով ոսկորի պես կանգնել է թուրքի և թուրքի ծրագրերն իրականացնողների կոկորդին։

Տասնամյակների  այդ թունավորումը վնասեց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև օրվա իշխանություններին հաջողվեց նրան և պետական մտածողությամբ այլոց  մեկուսացնելով ու հեղինակազրկելով՝   հանձնել Արցախի մեծ մասը, թուլացնել Հայաստանը։ Սրանք  արդեն փաստեր են, այլ ոչ  թե վարկածներ։ Այնքան ակնառու փաստեր են, որ անգամ Նիկոլի կողմից ձևավորված ՍԴ-ն չկարողացավ դիմակայել ճշմարտությանը և արդարացրեց Նախագահին։

Հասարակության շրջանում ևս աստիճանաբար մաքրվում է այդ թույնը։  Հույս ունենանք, որ հատկապես 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած վարչախմբի աներևակայելի ցինիզմն ու բացահայտ թրքամոլությունը վերջապես կսթափեցնեն հայությանը և  մարդիկ կկարողանան գործիչներին գնահատել ոչ թե սիրուն խոսքերի, այլ իրական գործերի համար։
Իսկ առայժմ սպասենք 300․1 անփառունակ հոդվածի վերջնական վախճանին։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ