29 03 2021

ՍԴ որոշման մեսիջները. Panorama.am

ՍԴ որոշման մեսիջները. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Սահմանադրական դատարանի 300․1 հոդվածը անվավեր ճանաչելու մարտի 26-ի որոշումը, իրավական գերկարևոր պրոբլեմ հանգուցալուծելուց բացի  նաև հսկայական նշանակություն ունի հայափրկության համատեքստում մի քանի առումներով։

Նախ՝ կյանքը ցույց տվեց, որ մեր երկրում ծագած հարցերը մենք ինքներս պետք է լուծենք՝ միամտորեն հույս չդնելով այլ երկրների և միջազգային կառույցների  բարեհաճության վրա։

Տեսեք, 2018 թվականից՝   Ռոբերտ Քոչարյանի ապօրինաբար ազատությունից զրկվելուց ի վեր, նրա պաշտպանական թիմը տասնյակ գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ և  Վենետիկի հանձնաժողով։ Սկզբնական շրջանում մեծ էին ակնկալիքները, որ մարդու իրավունքները սրբություն համարող եվրոպացիները արագ ու հստակ կարձագանքեն Հայաստանում կատարվող բացահայտ քաղաքական հետապնդմանը։ Սակայն մեկ-երկու լղոզած դժգոհություններից բացի այս  29 ամիսների ընթացքում ռեալ ոչինչ չտեսանք  (ասենք, ինչու ենք զարմանում՝ աչքի առաջ ունենալով այն փաստը, որ  այդ կառույցներն էլ  «չտեսան»  44- օրյա պատերազմում թշնամու կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործվող կասետային ու ֆոսֆորային ռումբերը)։

Սպասելիքներին հակառակ՝ դատական այս ֆարսի վերջակետ դրեց ՀՀ Սահմանադրական դատարանը։ Դատարան, որը գործադիրի կողմից ենթարկվել էր աննախադեպ ճնշումների, օրենք ու բարոյականություն խախտելով փոխվել էր կազմը  (ի դեպ ՝ սրան ևս եվրոպական համապատասխան կառույցները դեռևս գնահատական չեն տվել), և թվում էր, թե դառնալու  է մարիոնետային կառույց։ Բայց ո՛չ, միաձայն ընդունեցին որոշում, որի իրավական մասը դատարանին է հասցեագրված, իսկ  պատգամը   հայ հասարակությանը՝  ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու, մե՛նք ենք պարտավոր մեր ներքին ուժով  և համախմբվածությամբ այսօր մաքրել երկիրը օտարի խաղերն իրականացնողներից։

Որոշումը կարևոր էր նաև այն առումով, որ պայթեցրեց նիկոլյան ստերի մի ողջ բուրգ՝ ապացուցելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  քաղաքական հետապնդման փաստը, ինչի մասին  2018-ի հուլիսից բարձրաձայնում էին վերջինիս պաշտպանները։ Ավաղ, սկզբնական շրջանում քչերը միացան  նրանց՝ հիանալի հասկանալով հանդերձ, որ գործը սարքված է  և խնդիրը Ռոբերտ Քոչարյանին «պատժելն է»։ Կարծում եմ, մեր երկրի  վիճակն այսօր այսքան աղետալի չէր լինի, եթե  հենց  2018-ից քաղաքական շատ ուժեր և գործիչներ չնկատելու չտային նախկին նախագահի նկատմամբ իրակացվող օրինախախտումները, և իրենց  քաղաքական անհեռատեսությունը չարդարացնեին «սպասենք դատարանի իրավական գնահատականին» ջայլամային խուսանավումներով։

Հասարակության շրջանում այդպիսի դիրքորոշումներն և իբր  «թավշյա արդարադատության» սպասումները թույլ տվեցին, որ անարգել կերպով իրականցվի իշխանությունների  այս  քրեական կեղծարարությունը։ Սկզբական շրջանում այն ընկալվում էր որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա հոգեզավակի կողմից  Մարտի 1-ի իրենց հեղած արյունը   Ռ․ Քոչարյանի վրա բարդելու ցանկություն  և վենդետա, վրեժխնդրություն  նրա  հանդեպ։

Բայց արդեն 2018-ի աշնանից  հնչում էին մտքեր, որ ամեն գնով էքս-նախագահին    կալանքի տակ պահելու  նիկոլյան իդեֆիքսը  ավել խորը արմատներ ունի և ուղղված է Հայաստանում ու Արցախում սպասվելիք առուծախերին նրա միջամտությունը չեզոքացնելուն․․․ Ինչը ապացուցեց  մեր դաժան կյանքը։  Այսօր արդեն, միայն մանկամիտը չի գիտակցի, որ 2018-ին իշխանությունները կեղծ քրեական գործ էին հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ,   որպեսզի նա չկարողանա խանգարել  իրենց թուրքական պլանների իրագործմանը։

Արձանագրենք ՍԴ որոշման  ևս  մեկ կարևոր մեսիջ հանրությանը՝ համատարած սուտն է այս իշխանությունների մեկնակետը։  Ընդունելով, որ գրեթե երեք տարի այս    իշխանությունները    իրավաբանական ողջ հանրույթին լծել են գոյություն չունեցող հոդվածով մոգոնած քրեական գործին՝  հասարակության ուշադրությունը շեղելով երկրի կազմաքանդման գործընթացից, փաստորեն  ապացուցվում է, որ գործող իշխանությունը փուչիկ է՝ փչված օտարներ կողմից, լցոնված ստով ու ինտրիգներով, Հայաստան պետությունը թուրքին ծախելու արդեն անթաքույց նպատակով։

Հ․Գ․ ՍԴ  որոշումն արդեն իսկ պետք է կյանքի կոչված լիներ  և 300․1 հոդվածով հետապնդումը դադարեցվեր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ, քանի որ  ըստ իրավաբանների՝ ՍԴ որոշումը  պետք է իրականցվի անհապաղ։ Տեսնենք։

Լիա Իվանյան 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ