02 03 2021

Ընդամենը երկուսուկես տարում իր հենարանը այդպես կորցնել կարող էր միայն ծայրահեղ ապաշնորհ ղեկավարը․ Լիա Իվանյան․ Panorama.am

Ընդամենը երկուսուկես տարում իր հենարանը այդպես կորցնել կարող էր միայն ծայրահեղ ապաշնորհ ղեկավարը․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Շատերը հավանաբար չեն մոռացել, թե ինչպես 2018թ․հոկտեմբերի 2-ի երեկոյան Փաշինյան Նիկոլի   կոչով հազարավոր մարդիկ կարճ ժամանակում հավաքվեցին ԱԺ մոտ։ Շ՜ատ ինքնավստահ էր նա այդ օրը․․․ դե բա ոնց, կանչում ես, ու մարդիկ  վազելով գալիս են քո կամքը կատարելու։

Տեսնես ինքը հիշո՞ւմ էր իր այդ երանելի ժամանակը  2021թ․ մարտի 1-ին, երբ ելույթ էր ունենում վարչական ռեսուրսի բիրտ կիրառմամբ Հանրապետության հրապարակը  կիսով չափ լցրած «պարտադիր-կամավորականների» առաջ։ Թե ինքնախաբեության գիրկն ընկած՝ ըմբոշխնում էր ամբոխի   ծափերը, մոռանալով իհարկե, որ այս անգամ դրանք պատվիրված էին։ 

Ընդամենը երկուսուկես տարում իր հենարանը այդպես  կորցնել կարող էր միայն ծայրահեղ ապաշնորհ ղեկավարը։ Արժանապատվության նշույլ ունեցող մարդու համար  սա սպառված լինելու ցայտուն  ցուցանիշ  կլիներ,   և նա պարզապես հրաժարական կտար։ Սակայն ոչ Նիկոլը,  ով ապրում է իր հիվանդ երևակայության ստեղծած աշխարհում, որտեղ ինքը ամենակարող տիրակալ է  և իր ցանկություններն անբեկանելի են։ Այս տարիների ընթացքում բազմիցս ենք տեսել, թե ինչպես է ցանկացած միջոցներով հասնում իր իդեֆիքսերին՝ բացարձակ չմտահոգվելով երկրի  հեղինակությանն ու պետական ինստիտուտների  անխաթար գործունեությանը չվնասելու մասին։

Հերթական սրացած իդեֆիքսը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելն է։ Ու թքած ունի, թե ինչ հարված է հասցնում բանակին, այն էլ  խայտառակ պարտություն պարտադրելուց հետո։ Ազգ ու բանակ ոչինչ են իր կապրիզների իրականցման ճանապարհին։ Ինտրիգներ են հյուսվում  ԳՇ պետից ազատվելու համար։ ՀՀ նախագահն էլ անգլիական դիվագիտության  դպրոցին հավատարիմ մնալով, երկրորդ անգամ իրեն ուղարկած ազատման առաջարկությունն  այնպես չստորագրեց, որ ստորագրելու հաշիվ է։ Ինչպես նշում են իրավաբանները՝ «․․․Այսինքն ըստ նախագահի առերևույթ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ»։

Լավ, ենթադրենք Օնիկ Գասպարյանն մարտի 4-ին  «իրավունքի ուժով» ազատվեց աշխատանքից, նրա փոխարեն նշանակվեց  «փոխանցիկ դրոշ» Արգիշտի Քյարամյանը,  ինչպես կանխատեսում են որոշ վերլուծաբաններ։ Հապա մնացածնե՞րը․․․ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած ԶՈւ ողջ էլիտային  ևս պե՞տք է  ազատեն զբաղեցրած  պաշտոններից։ Բանակն ամբողջովին պիտի  գլխատե՞ն, որպեսզի Էրդողանն այլևս չվախենա Հայաստանում հնարավոր ռազմական հեղաշրջումից։

Ո՞վ է վերջապես այս երկրի տերը․․․ Ալիևն է որոշում հայերին բանակ պետք է թե ոչ, Էրդողանն է մեր ներքին խնդիրները սեփական երկրում կատարվածի  տեղ ընդունում, էս վարչապետ կոչվածն էլ ինքնախաբեության գիրկն ընկած արտահերթ ընտրություններ է ծրագրում հոկտեմբերին այն դեպքում, երբ ողջ հայությունն է օր առաջ նրանից ազատվել երազում։ 
ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆ  է մեր երկրում տերը։

Իսկ զանգվածներին  երկար ժամանակ խաբելու համար ինքդ պիտի այնքան հավատաս քո ստին, որ այն քո մասնիկը դառնա։ Այնքան պիտի ենթարկվես թուրքի կողմից ուղեղիդ լվացմանը, որ մոռանաս ազգությունդ; այնքան պիտի օտարի նետած հեշտ փողերին վարժվես, որ փողը դառնա կրոնդ ու աստվածդ; այնքան պիտի հոգեպես խեղված լինես, որ առանց խղճի խայթի մահվան բերան ուղարկես 5-10 հազար հոգու, հետո է առանց ամաչելու քեզնից դուրս  մեղավորներ նշանակես․․․

Նորմալ երկրում նորմալ կառավարությունը հիմա քսան անգամ հրաժարական տված կլիներ, այլ ոչ թե կշարունակեր  իր հիվանդագին ինքնախաբեությունը  պարտադրել բոլորին։

 Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ