04 12 2020

Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր և մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան

Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր և մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան

Panorama.am-ը գրում է․

««Մեզ այս պահին պետք է ճգնաժամային մենեջեր, քանի որ Հայաստանի պետականության կորստի շեմին ենք մենք այլևս կանգնած: Արցախը, կարելի է ասել, որ արդեն կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանական կապիտուլացիայի արդյունքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այսպես ձևակերպեմ, մեզ պետք է մահապարտների անցումային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կփրկի այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից, որը կկարողանա շատ արագ օպերատիվ կերպով սկսել բանակցություններ ռազմագերիներին վերադարձնելու, անհայտ կորածներին կամ նրանց դիերը գտնելու համար»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ այդ կառավարության առաջնային խնդիրներից պետք է լինի նաև Հայաստանի կործանված տնտեսության փրկությունը:

Ըստ պատգամավորի, ճգնաժամային կառավարության ձևավորումից հետո կլինեն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովուրդն իր քվեով կորոշի արդեն առաջիկա 5 տարիների կառավարությունը:

Հարցին, թե առաջնահերթ ի՞նչ քայլեր են արվելու՝ Նաիրա Զահրաբյանը հայտնեց, որ այդ հարցերի մասին Վազգեն Մանուկյանը կհայտնի դեկտեմբերի 5-ին ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի ժամանակ:

«Վազգեն Մանուկյանն արցախյան առաջին պատերազմի հաղթանակած առաջին պաշտպանության նախարարն է եղել: Նա դեմագոգ չէ, պոպուլիստ չէ, հասկանում է այն պատասխանատվությունը, որն իր վրա ստանձնել է՝ ի տարբերություն նիկոլականների շիզոիդալ պոպուլիզմի հայրենադավության»,- ասաց պատգամավորը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ պետությանն այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր և մահապարտների կառավարություն՝ Հայաստանի պետականության կորուստը թույլ չտալու համար:

Հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունը ինչ քայլեր է անելու սեփական կամքով Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ նա չի կարող չհեռանալ, քանի որ բացի իրենց մորթին փրկող նիկոլական պատգամավորներից և կառավարության անդամներից, հանրային որևէ աջակցություն չունի սոցիալական որևէ խավում:

«Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ հեռանալու է, բայց ճանաչելով իր տեսակը, կարող եմ ասել, որ ինքը մինչև վերջ հնարավոր և անհնար ստորագույն միջոցներով պայքարելու է իր աթոռից կառչած մնալու համար: Նա անպայմանորեն հեռանալու է, հեռանալու է շատ արագ, և բոլոր նրանք, ովքեր կիսում են իր հետ դավաճանության պատասխանատվությունը, խոսքը վերաբերում է նաև խորհրդարանական մեծամասնությանը և իր քաղաքական թիմին, մինչև վերջին մարդը դատարանի առաջ հայրենիքի դավաճանության մեղադրանքով կրելու են իրենց պատիժը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը և զգուշացրեց, որ նրանցից որևէ մեկը թող չմտածի, թե կարող է երկիրը լքել, կամ փորձել խուսափել իր բաժին պատասխանատվությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ