04 12 2020

Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան. Միքայել Մինասյան

Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործունեությանը: Նա մասնավորապես նշել է, որ իննսունականների սկզբի վարչապետ Վազգեն Մանուկյանի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է հասկանում և կարողանում: Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.

«Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։

Խոսում էր ամեն ինչից՝ անվտանգութունից, արդյունաբերությունից, բյուջեից, վառելիքային խնդիրներից, էներգետիկայից, սոցիալական աջակցությունից և այլն։ Խոսում էր երկար, մանրամասն, մաթեմատիկական հիերարխիկ տրամաբանությամբ ու գրավիչ։ Տակավին պատանի՝ մենք ժամերով լսում էինք նրան։ Քիչ բան էինք հասկանում, իսկ քննարկվող թեմաների մի մեծ մասի շուրջ երբեք չէինք էլ մտածել այդ տարիքում։ Բայց լսում էինք ու երևի ավելի շատ մեր ենթագիտակցության դարակներում ակամա շարում բաներ, որոնք նա չէր ասում՝ պետություն, կառավարում, աշխատանք, խնդիրների լուծման հերթականություն, անկեղծ հաղորդակցություն և այլն։ Չգիտեմ, ինչի էինք այդ տարիքում լսում երկրի վարչապետին՝ թողած մեր երիտասարդական զբաղմունքները։ Բայց դա մեզ համար դպրոց էր. սովորում էինք՝ մենք էլ չգիտենք ինչ։

Տասնամյակներ անց պատմության անիվը, ցավոք, էլի կոտրվել է իր սիրած փոսում։  Հիմա արդեն հիմնովին՝  կառապանն այս անգամ տգետ ապուշի մեկն էր. կառքն էլ հետն է ջարդել։

Իննսունականների սկզբի վարչապետի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է այլևս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։

Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան։

Եվ Աստված թող մեզ հնարավորություն տա՝ միասին հանելու մեր երկիրը մխացող ավերակներից։

 Հ.Գ. Հեռացի՛ր, մարդկային ստորագույն հատկանիշների մարմնացում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ