06 10 2020

Լեռնային Ղարաբաղի արյունահեղությունը պետք է ավարտվի․ ԵԱՀԿ ԽՎ

Լեռնային Ղարաբաղի արյունահեղությունը պետք է ավարտվի․ ԵԱՀԿ ԽՎ

«Սարսափած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև շփման գծից այն կողմ արյունահեղության շարունակականությունից»,-հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին։ Նա վերահաստատել է կոչը ՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ի շահ քաղաքացիական անձանց և վերստին հանձն առնել բանակցություններն ու խաղաղ ճանապարհով լուծում գտնելու համար՝ համաձայն ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների:

ԵԱՀԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ ԽՎ նախագահն անմիջական կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը և երկու կողմերին էլ հորդորել վերսկսել բանակցային գործընթացը:

«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգվել հակամարտության հետ կապված զոհերի աճի մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ազդեցությամբ, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող մարտերից։ Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարությունների կոչը՝ անվերապահ հրադադարի մասին», - այսօր ասել է Ծերեթելին:

Ծերեթելին նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ` նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն 2008 թ.-ին ընդունել է բանաձև, որով ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրներին կոչ է արել «արգելել օգտագործել կասետային զինամթերք»:

Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին՝ զերծ մնալ այդ զենքի օգտագործումից և լիովին հարգել քաղաքացիներին ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու միջազգային օրենսդրության պահանջները:

«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել մարդասիրական աղետների: Ուժի կիրառումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փոխարենը, այն շարունակում է տանել մարդկային կյանքեր և էլ ավելի սրել խաղաղ բնակիչների վիճակը։ Ի վերջո, ուժի ցանկացած շարունակական օգտագործումը վնասակար կլինի հետագա տասնամյակների ընթացքում հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար՝ չնայած շարունակվող զինված հակամարտության արդյունքին: Մենք կշարունակենք մեր բոլոր ջանքերը ներդնել՝ հաշտեցման համար քաղաքական կամք առաջացնելու հարցում», - ասել է Ծերեթելին:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան էլ նշել է, որ որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակում է պատրաստ լինել խորհրդարանական բանակցությունները վարելու համար, եթե կողմերը դիմեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ