23 07 2020

Եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը․ Արփինե Հովհաննիսյան

Եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը․ Արփինե Հովհաննիսյան

Բանակի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական ճակատում, բայց... ավաղ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշել է.

«Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպես կանոն որեւէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն,հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերեւ գտնվում։

Ադրբեջանցիները չափազանց ակտիվ են Միացյալ Նահանգներում ու օրերս

բանաձեւ անցկացրին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ Այն աննախադեպ վատն է ու խիստ վտանգավոր է մի քանի հարթություններով:

Նախ՝ բանաձեւը հավասարության նշան է դնում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ մենք բազմիցս պնդել ենք, որ այդ կոնֆլիկտները իրենց ծագումնաբանությամբ, լուծումներով էականորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պարագայում միջազգային փաստաթղթերում շեշտադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում այդ սկզբունքից զատ նշվում է ինքնորոշման իրավունքը: Եվ հիմա այս բանաձեւով հավասարության նշան է դրվում միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների միջեւ:

Երկրորդ՝ թեեւ բանաձեւը առաջին հայացքից վերաբերում է մարդու իրավունքներին, օրինակ` տեղահանվածների իրավունքներ, սակայն ակնհայտ է, դրա հեռահար ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի վրա, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ միանգամից գրավյալ են համարվելու եւ՜ Արցախը, եւ՜ հարակից շրջանները: Սենատի կողմից բանաձեւը ընդունելու պարագայում Ադրբեջանը հետագայում անընդհատ շահարկելու է դրա ձեւակերպումները եւ հղում է կատարելու բանաձեւում կատարված համեմատականներին ու սա տանի այլ հարթակներ։

Մինչ այս պահը հայկական լոբիստական կազմակերպությունները կատարել ու կատարում են հսկայական աշխատանք: Հենց նրանց ջանքերով էր, որ մի քանի օր առաջ ընդունվեց ԱՄՆ կոնգրեսական Ֆ. Փալլոնի նախաձեռնած բանաձեւը` Ադրբեջանին տրամադրված ռազական օգնության թափանցիկության վերաբերյալ: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն հայկական լոբիստների ջանքերը այս պարագայում բավարար չեն: Նրանք չեն կարող զուգահեռ աշխատել եւ՜ պրոհայկական քայլերի համար եւ՜ հակահայկական քայլերը չեզոքացնելու համար։ Այստեղ անելիք ունեն ԱՄՆ-ի հետ աշխատող պատգամավորները։ Իսկ այս բանաձեւի հայտնվելը արդեն իսկ նշանակում է ձախողում:

Ի դեպ հիշեցնեմ, որ իշխանափոխությունից հետո հենց ԱՄՆ են եղել թեեւ ոչ բարձր մակարդակի, բայց ամենամեծաթիվ այցերը՝ էլ՜ Արարատ Միրզոյան, է՜լ Տիգրան Ավինյան, է՜լ գրեթե միակուսակցական պատգամավորների խումբ։ Հիմա եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը։

Հ.Գ. Հուսով եմ՝ սա չեզոքացնելու համար իշխանությունը կգործադրի նույն ջանասիրությունը եւ էնտուզիազմը, որով պայքարում է ընդդիմախոսների դեմ, որով «շահագործում» էր զինվորների սխրանքը՝ «սելֆիախեղդ» ու «կամուֆլյաժախեղդ» անելով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ