04 07 2020

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը քննարկել են կարգավորման հարցով վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը քննարկել են կարգավորման հարցով վերջին զարգացումները

Այսօր ընդունել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ տեղադրել է հանդիպման տեսանյութը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկված հարցերից առանցքայինը, բնականաբար, ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներն էին: Մեկ անգամ եւս վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, այն է՝.

ա) միջնորդական առաքելության առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար շարունակում է մնալ ամենաընդունելին,

բ) բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության՝ որպես լիիրավ կողմի լիարժեք մասնակցության անհնար է որեւէ առաջընթաց ունենալ եւ արդյունավետ լուծումներ գտնել:

Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումն ու ռազմատենչ հայտարարությունների շարունակումը կողմերին միայն զրկում է խաղաղ կարգավորման գործընթացում իրական արդյունք ապահովելու հնարավորությունից»:

Զոհրաբ Մնացականյանը իր պատասխան խոսքում նախ եւս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, ապա նշել. «Այս ընտրությունները եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի ձգտումը կառուցելու կայուն, կայացած անկախ պետություն, որն իր ապագան կառուցում է ըստ մեր ազգային ու համամարդկային արժեքների, որոնք հիմնված են մարդու ազատությունների, ժողովրդավարական համակարգերի ամրապնդման վրա: Մրցակցային ժողովրդավարական ընտրությունները ի ցույց դրեցին լրջությունը Արցախի ժողովրդի եւ ղեկավարության՝ ամրապնդելու իրենց ապագան հենց այդ հիմքերի վրա:

Այս հանդիպումը շատ լավ առիթ է շարունակելու մեր համատեղ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ մեր մոտեցումները, դիրքորոշումները գնահատելու, կառուցելու, շարունակելու աշխատել մեր միջազգային գործընկերների հետ, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այո, Արցախի կողմից մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացին կարեւորագույն խնդիրներից մեկն է: Ամեն ինչից բացի, դա պրակտիկ խնդիր է, որովհետեւ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ