08 04 2020

Համավարակից հետո շատերը կպահանջեն բացատրություններ ստերի համար․ Panorama

Համավարակից հետո շատերը կպահանջեն բացատրություններ ստերի համար․ Panorama

Panorama.am-ը գրում է․ «Ենթադրենք վարակվել եմ կորոնավիրուսով, և գիտեմ, որ վերջս մոտ է (իրականում առողջ եմ ու կամավոր ինքնամեկուսացած)։ Ի՞նչ կմտածեմ․․․ կափսոսամ, որ չեմ ավարտի «Մի հեղափոխության պատմություն» և «Նոր աշխարհում» կիսատ գործերս, և կփորձեմ հասկանալ, թե կորոնավիրուսից առաջ էդ ի՞նչ վիրուս տարածվեց Հայաստանում ու մթագնեց շատերի բանականությունը։

Կափսոսամ, որ այդպես էլ չեմ գտնի շատ հարցերի պատասխանները, օրինակ․

Ո՞նց եղավ, որ հայի բախտով կորոնավիրուսի ճանկն ընկանք ամենաանկարող ու ապաշնորհ կառավարության օրոք։ Բայց նախ ո՞նց եղավ, որ նրանք հայտնվեցին իշխանության ղեկին։ Ո՞նց եղավ, որ ինտրիգներով լի անցյալով և առնվազն առերևույթ հոգեկան խնդիրներ ունեցող մեկը շանտաժով ու սադրանքներով կարողացավ դառնալ վարչապետ։

Բայց ո՞վ է ավելի մեղավոր․ մեկը ա՞նձը, ով իշխանություն զավթելու փորձ է անում, թե՞ մարդաքանակ ապահովողները, որոնց շնորհիվ այդ անձը հաջողության է հասնում։ Եթե մարդաքանակի փոքր հատվածը պատգամավոր ու նախարար դարձավ իր աջակցության համար, ապա ի՞նչ ստացավ սատարող հիմնական զանգվածը՝ կյանքի բարելավում ակնկալող հազարավոր ստատիստ- պողոսները։ Ոչի՛նչ, բացի ականջներից կախվող լապշայի չընդհատվող հոսքից և մաս-մաս քայքայվող պետությունից։

Լիցենզիայից զրկված քաղավիացիան սկիզբն է։ Ամո՛թ Տաթևիկին։ Բայց իրականում ո՞վ է մեղավոր, որ Դանիայում ավիատոմս վաճառող պատահական մեկը դարձավ ոչ ավել, ոչ պակաս նոր Հայաստանի Քաղավիացիայի պետը և կրախի առաջ կանգնեցրեց ռազմավարական մի ամբողջ ոլորտ․․․ մեղավորը աղջի՞կն է, թե՞ նրան պաշտոն տվողը։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ սկզբունքներով են պաշտոնները բաշխվել։ Ո՞նց եղավ, որ աշխարհի բազմաթիվ պետություններ կործանած Սորոսի կամակատարները բարձր պաշտոններ ստացան հեղափոխված Հայաստանում և հիմա էլ շոշափուկներն են տարածում Արցախում։

Ո՞նց եղավ, որ հինգ հազար տարվա մշակույթ ունեցող ազգը լուռ հանդուրժում է այս ամենը․․․

Ո՞նց եղավ, որ 12-րդ դարում «Դատաստանագիրք» ունեցած ազգի դատավոր Աննա Դանիբեկյանը 21-րդ դարում լքում է իր դիրքը՝ անորոշ ժամանակով առկախ թողնելով մարդու ազատազրկման հարցը։ Մխիթար Գոշը գերեզմանում հիմա հազար անգամ շուռ եկած կլինի՝ տեսնելով դատավորներ Ռուբեն Վարդազարյանի, Արթուր Մկրտչյանի մասնագիտական վարքագիծը նույն մարդու նկատմամբ արդարադատություն չիրականացնելու առումով։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 3-ին կարծես թե մտադիր էր խափանման միջոցի փոփոխություն առաջարկել 60 տարեկանից բարձր, համակցված հիվանդություններ ունեցող, նախաքննության և դատաքննության փուլում գտնվող մեղադրյալների դեպքում։ Բայց չգիտես ինչու ՀՀ երկրորդ նախագահն այդ ցանկում չի ներառվում, չնայած այն աստիճան է համապատասխանում է բոլոր չափանիշներին, ասես հատուկ իր համար գրված լինի։ Չի ներառվում, քանի որ թույլ չի տալիս վարչապետի աթոռին բազմածը։ Ո՞նց եղավ, որ անձնական վրեժխնդրությունը դարձավ մի ողջ դատական համակարգի այլասերման պատճառ։

Մտածում եմ, եթե կորոնավիրուսով վարակվեն ու իրենց վերջը զգան վերոնշյալ անձինք՝ ի՞նչ կմտածեն իրենց արարքների համար։ Բա որ վաղը մյուս օրը պետությունն ավերած անձը ներկայացնի անմեղսունակության թուղթ, չե՞ն գժվի էն մտքից, թե ում հրամաններին ենթարկվելով են տրորել իրենց մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը։

Մտածում եմ, որ անկասկած համախմբված պետք է լինենք կորոնավիրուսի դեմ, կատարենք պարետի լավ թե վատ հրահանգները, ինքնամեկուսանանք ու օգնենք բժիշկներին․․․ հա՛, հազար ձեռքով կողմ ենք։ Բայց ծիծաղելի է, երբ համախմբման կոչեր են հնչում տարիներ շարունակ հասարակության մեջ ատելություն սերմանողների կողմից։

Կոչի պահանջն էլ ըստ էության միայն Փաշինյանին չքննադատելն ու չխանգարելն է։ Թերևս դա իմաստ կունենար, եթե նա գտնվեր պետության ղեկավարին պատշաճող բարձրության վրա, և կարողանար այս դժվարին պահերին վեր կանգնել անձնական խնդիրներից ու մտածել պետության շահի մասին։ Եվրոպաներից ֆինանսական օգնություն ակնկալող պետության ղեկավարն առնվազն կկատարեր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչը՝ «Ես խստորեն կոչ եմ անում անդամ բոլոր պետություններին՝ կիրառել կալանքի բոլոր հնարավոր այլընտրանքները՝ հնարավորության դեպքում և առանց խտրականության»։ Հնարավորությունը կա, բայց ցանկությունը չկա։

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն արդեն դադարել է հետաքրքրել «պողոսներին», քանի որ գրեթե բոլորն են հայտնվել մեկուսացված վիճակում և ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում ինչպես որ կարողանում է։ Դեռ հարց է, ով ինչպես կհաղթահարի կորոնավիրուսը։ Համավարակից հետո՝ սթրեսներից, քաղցից, անփողությունից, անելանելիությունից զայրացած շատ-շատերը կպահանջեն բացատրություններ բազմաթիվ ստերի ու մանիպուլյացիների համար»։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ