07 04 2020

Պատժողին պատժող էլ կգտնվի. Լիա Իվանյան. Panorama.am

Պատժողին պատժող էլ կգտնվի. Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է.Պարտադիր չէ մոլի հավատացյալ լինել՝ տարբերակելու համար այն արարքները, որոնք մի օր Աստծո պատժին կարժանան։

Վերջերս համացանցում մի տեսանյութ կար, որտեղ ներկայացվում է դանիական մի ավանդույթ՝ սև դելֆինների սպանդը։ Եթե դարեր առաջ դա ապրուստի միակ միջոցն էր այդ վայրերում, ապա այժմ քաղաքակիրթ դանիացիները դա համարում են իրենց սպորտը։ Եվ տարին մեկ անգամ Եվրոպայի սրտում ծովը ալ կարմիր է դառնում հարյուրավոր անմեղ կենդանիների արյունից։ Այդ տեսանյութը դիտելիս ակամա մտածում ես՝ հիմա ո՞նց Աստված չպատժի իր ստեղծած ամենակատարյալ շնչավորներից մեկի հանդեպ կատարվող այդ ոճիրը․․․

Գուցե կորոնավիրուսը պատիժ է՝ մարդու կողմից Երկիր մոլորակին պատճառած հենց այսպիսի անհաշիվ հանցագործությունների համար։

Գուցե մոլորակը կմաքրվի աղտոտություն տարածողներից, իսկ մարդիկ ավելի զգոն կդառնան, առավել ևս այն մարդիկ, ովքեր կոչված են պահպանել այլ անձանց կյանքն ու ազատությունները։

Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ այն պաշտոնյաներին, ովքեր կորոնավիրուսի համավարակի պայմաններում չեն շտապում կալանավայրերից ազատել այն ազատազրկվածներին, ովքեր գտնվում են նախաքննության կամ դատաքննության փուլերում, որոնց դեպքում գործում է անմեղության կանխավարկածը և նրանք գտնվում են վարակի տարածման խոցելի խմբերում։

Ողջ աշխարհում անգամ դատապարտվածներին են հազարներով ազատում, անգամ մեր հարևան երկրի բռնապետ համարվող Ալիևն է ներում շնորհել 65 տարեկանից բարձր 100 բանտարկյալի։ Իսկ «ժողորդավարության բաստիոն» Հայաստանի «ամենաժողովրդական» վարչապետը դեռ չի հագեցրել իր քենը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ պաշտպանել COVID-19 համաճարակի ընթացքում բանտում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու առողջությունը:

Հանձնակատարն ընդգծում է․ «Ես խստորեն կոչ եմ անում անդամ բոլոր պետություններին՝ կիրառել կալանքի բոլոր հնարավոր այլընտրանքները՝ հնարավորության դեպքում և առանց խտրականության»։ 

Ինչ-ինչ, բայց խտրականություն դրսևորել մեր իրավապահները լավ են կարողանում։ Ցայտուն օրինակն աչքներիս առաջ է։

Ապրիլի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ չնայած բժիշկների փաստարկմանը, որ նա այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կդիտարկվի կալանավորված անձանց այլընտրանքային խափանման միջոցի հարցը՝ նշելով ռիսկային խմբերին, ինչը լիովին համապատասխանում էր Ռոբերտ Քոչարյանի տարիքային և առողջական վիճակին։ Իրավական-օրինականի մասին չենք խոսում, քանի որ վաղուց արդեն ակնհայտ է, որ էքս-նախագահը գործող վարչապետի հիվանդ երևակայության պատանդն է։

Այսօրվա դրությամբ հայտնի չէ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջիկա նիստի օրը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը անհետ կորածների թվում է։ Առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մերժել է քննությունն այլ դատավորին մակագրելու խնդրանքը: ԲԴԽ-ն լուռ ու համր է ձևանում։ Դատախազությունն էլ մարդասիրական հայտարարություն արեց, և չորրորդ օրն է քայլեր չի ձեռնարկում փոխելու անձի խափանման միջոցը մի գործով, որ իրենց իսկ գնահատմամբ «ջուր» է․․․բանից պարզվում է, ջուրն էլ անվերջ ձգվելու հատկություն ունի։

Անկեղծ ասած, եթե բացեիբաց հայտարարվի, որ դատաիրավական մարմիններն ու այս պաշտոնյաները մասնագիտական երդում են տվել ոչ թե պետությանը, այլ հավատարմության երդում են տվել անձամբ Փաշինյանին՝ շատ հարցեր միանգամից կստանան իրենց պատասխանները։ Բայց կծագի մեկ այլ հարց՝ վստա՞հ են, որ գործող վարչապետը հավետ է․․․ Հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում վաղվա օրն անգամ անիմանալի է, և այսօր, առավել քան երբևէ զարմանալի է բարձրաստիճան պաշտոնյաների ինֆանտիլ կախվածությունը պետությունը սեփական «դուքան» դարձրած անհավասարակշիռ մեկից։

Պարտադիր չէ մոլի հավատացյալ լինել՝ տարբերակելու համար այն արարքները, որոնք մի օր Աստծո պատժին կարժանան․․․ իսկ պաշտոնյաների համար մինչև Աստծո դատաստանը քրեական հոդվածներ էլ շատ կան։

Լիա Իվանյան, հրապարակախոս
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ