03 04 2020

Սուզանավից փախչել հնարավո՞ր է. Լիա Իվանյան. Panorama.am

Սուզանավից փախչել հնարավո՞ր է. Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Պատկերացնո՞ւմ եք, քանի հոգի հիմա Հայաստանից ճամպրուկները հավաքած կհեռանային, եթե միայն մեզ մոտ կարանտին լիներ։  Գործի դնելով օրենքներում սողանցքներ գտնելու հայկական ճարպկությունը՝  օդով, ջրով ու  ցամաքով քանի՜ քանիսը կփախչեին  ապահով երկրներ․․․․ Ավա՜ղ, փակվել է  ողջ աշխարհը։ Անեզր օվկիանոսում իրարից փախչող սուզանավեր են դարձել պետությունները։ Ո՞ւր պիտի փախչես սուզանավից։ Այնպես որ,  ով որտեղ ինչ ցանել է, ստիպված ինքն էլ նույն տեղում պիտի հնձի։  Չի հնձի երևի միայն Քաղավիացիայի «սիրուն աղջիկը», ով ժամանակին հասցրեց թռչել Դանիա՝ ընտանիքի հետ միավորվելու և այնտեղ մայրանալու սուրբ պատրվակով։ Բարի ազատում մաղթենք։

Փաստորեն, համաշխարհային գլոբալացման տեսությունը  գործնականում դարձավ համաշխարհային ինքնամեկուսացում, և փակեց դռներն  ու սահմանները։ Պարզապես, ոչ բոլոր երկրների ու անձանց  հնարավորություններն են նույնը կարանտինի պայմաններում։ 
Օրինակ Հայաստանում  մեկը  կարող է շաբաթներով  դուրս չգալ այգով  ու լողավազանով իր առանձնատնից, քարտերով վճարումներ անել, առաքման ծառայություններին պատվիրել  ամեն ինչ։  Ընտանիքի անդամներն էլ իրենց առանձին սենյակներն ունեն․․․ ոչ մի պրոբլեմ չկա՛։ Իսկ մյուսը՝  8  հոգով երկու սենյականոց փոքր բնակարանում օրվա հացի փող չունի, ուր մնաց պատվերներ կատարի․․․ պրոբլեմների ծով։

Հայաստանի բնակչության   գերակշռող մասը առաջիննե՞րն են, թե երկրորդները․․․ հռետորական հարց է, անշուշտ։  Կան նաև երրորդները, որ ոչ տուն ունեն, ոչ փող ունեն։  Ըստ  Վիճկոմի 2019թ․տվյալների  ՀՀ-ում աղքատ են 700 000 մարդ․ ։  Ավելին՝ «Աղքատների ու ծայրահեղ աղքատների մեծ մասը՝  65-66 տոկոսը քաղաքաբնակ են»․․․ այսինքն  անգամ փիփերթին պիտի  փող տան։
Արդյո՞ք նրանց հիշել են արտակարգ դրության կանոնները կազմելուց, երբ խոսում են առցանց գնումների, բանկային քարտերից  և առաքման ծառայություններից օգտվելու, սմարթֆոններով  տեղորոշելու մասին։ Ըստ էության  ոչ, որովհետև  միլիոնով  աշխատավարձ ստացողները  վաղուց կտրվել են իրականությունից, և իրենց կենցաղով են չափում ՀՀ 3 միլիոն  բնակիչներին․․․ Թերևս հենց  սկզբից  ավելի խելամիտ որոշումներ կկայացվեին, եթե  երիտկառավարիչներն իրենց նոր կենցաղի  և համակարգչային գիտելիքների  մակարդակով չչափեին  բնակչության ունեցածն ու կարեցածը։

Չեղած  խելամտության և դրա ծանր հետևանքների մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու  համավարակը բարով հաղթահարելուց հետո։  Պարզ տրամաբանությամբ բոլոր ուժերը դրա վրա պետք է որ կենտրոնացված լինեին, բայց արի ու տես, որ ԱԺ-ում ինչ-որ կատալիզատորների մասին են օրենք ընդունում ու մեծ տուգանքներ են սահմանում․․․ սպասեք, հա՛։

Ուշքն ու մտքները տույժ ու տուգանք հավաքելն է դարձել։ Ինքնամեկուսացման առաջին յոթնօրյակում արգելված էր մեքենայում երկու հոգուց ավել նստելը, այն էլ  հանրային տրանսպորտի աշխատելու պարագայում։  Մարտի 31-ից հանվեց  ընտանիքի անդամների կամ գործընկերների քանակի սահմանափակումները։ Շատ լավ է, բայց միթե հնարավոր չէր հենց սկզբից ճիշտ որոշում կայացնել,  և ի՞նչ են սպասվում նախկին թերի որոշման ժամանակ վարչական  իրավախախտում ստացած վարորդներին։ Խնդիրներ են, որ  կուտակվում են, որոնք անշուշտ միասնաբար պետք է լուծվեն։

Միասնականությո՞ւն․․․
Միասնական էինք 2016-ապրիլի այս օրերին, երբ ազգ-բանակ ու Արցախ-Հայաստան-Սփյուռք զարմանահրաշ միասնությամբ 4 օրում փայլուն հաղթանակ կերտեցինք։ Երեկ երեկոյան 5-րդ ալիքով ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» երկմասանոց  վավերագրական ֆիլմը։ Շնորհակալություն ֆիլմը ստեղծողներին, փառք ու պատիվ ապրիլյանի բոլոր մասնակիցներին։ Այ, դա՛ էր միասնությունն ու հերոսությունը, դա էր մեր ազգի դեմքը, որն աղճատվեց  թավշյա խորհրդարանում ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Այդ հանձնաժողովն իր բնույթով ցույց է տալիս  ներկա իշխանությունների  իրական վերաբերմունքը ազգային ու հերոսականի հանդեպ։ Նույն մոտեցմամբ, եթե դեռ գոյատևեն,  վաղն էլ հանգիստ կարող են քննիչ հանձնաժողով ստեղծել այսօրվա առաջնագծում անձնազոհաբար իրենց գործն անող բժիշկների արած-չարածը քննելու համար։ Տեսակն է այդպիսին․ չկարողանալով ոչինչ անել՝ ունակ են միայն այլոց արածները քննել ու քարկոծել։

Ովքեր կասեն, որ հիմա   միասնական պետք է լինենք, առաջին հերթին թող  այդ կոչն ուղղեն վարչապետին, ով երկիր է կառավարում սոսկ սեփական մտասևեռումներով,  սեփական անփորձ կադրերով, սեփական ոչ համարժեք դատողություններով  ու տնտեսկան կանխատեսումներով․․․
Մեկ սուզանավում բոլորս ենք փակված։ Այստեղ  են  նաև կառավարման  և առողջապահության ոլորտների իսկական պրոֆեսիոնալները, որոնք «նախկին» որակումներով զրկվել են աշխատանքներից։  Իշխանությունները պարտավոր են  դիմել նրանց օգնությանը, նրանք  հիմա  օդ ու ջրի պես անհրաժեշտ է պետությանը, ու երևի չեն մերժի, որովհետև շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։  Նրանք կօգնեն ճիշտ ելքեր գտնելու հարցում, քանի որ այս  սուզանավից ոչ ոք  փախչել չի կարող։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ